News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրասիա միջազգային համալսարանում այսօր` փետրվարի 15-ին, տեղի է ունեցել գիտագործնական գիտաժողով` նվիրված Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրներին: Գիտաժողովն ամենամյա է, սակայն 2011-2012 ուսումնական տարում այն երկրորդն էր, որովհետեւ ՀՀ կառավարությունը հրապարակել է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գերակա ուղղությունները, եւ համալսարանի գիտական խորհուրդը նպատակահարմար է գտել արձագանքել այդ խնդիրներին:

Գիտաժողովի 40-ից ավելի զեկույցների հեղինակներ ներկայացրել են  երկրի 11 ուսումնական հաստատություններ, ՀԿ-ներ, բիզնես համայնքի ներկայացուցիչներ, հետեւաբար գիտաժողովը կարելի է դիտել որպես հանրապետական նշանակության:

Գիտաժողովին ներկայացված զեկույցները վերաբերում էին հանրապետության ինչպես նյութական արտադրության, այնպես էլ սոցիալական ոլորտի զարգացման ռազմավարությանը: Հատուկ անդրադարձ է կատարվել երկրի արտահանման եւ ներմուծման տնտեսական հաշվեկշռի բարելավմանը` ի օգուտ արտահանման, տնտեսության գիտատար ճյուղերի զարգացման եւ հատկապես որակյալ կադրերի պատրաստման հիմնախնդիրներին: Այս նպատակի համար քննարկվել են Եվրոպական առաջադեմ համալսարանի հետ ինտեգրված կրթական գործունեության իրականացման, ծայրամասային եւ լեռնային շրջանների արագացված եւ տարածքի հավասարաչափ յուրացման եւ այս գործում ագրոարդյունաբերական տնտեսության դերի բարձրացման, ընդերքի ռեսուրսների օգտագործման ռազմավարության, ներդրումների եւ հատկապես Հայաստան-Սփյուռք համագործակցության կատարելագործմանն առընչվող հարցեր:

Գիտաժողովը բաղկացած էր երկու մասից` ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ռազմավարական հիմնախնդիրների քննարկում եւ զեկույցների ներկայացում: Հանդես եկան բուհերի, կրթական ու գիտական կազմակերպությունների ուսանողներ եւ դասախոսներ, գիտական աշխատողներ:

Գիտաժողովին որակյալ կադրերի պատրաստման հրատապությանը եւ տնտեսության նոր կառուցվածքի պահանջներին անհրաժեշտ կադրերի պատրաստման խնդիրներին անդրադարձավ ՀՀ ԿԳ փոխնախարար տկն. Կարինե Հարությունյանը, տնտեսության նոր առաջնահերթությունների հիմնավորումներով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարչության պետ պրն. Արմեն Եգանյանը: Գիտատար տնտեսության առաջնահերթ հարցերը քննարկվեցին ՀՀ ԿԳ նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ, պրոֆեսոր Սամվել Հարությունյանի բովանդակալից ելույթի ժամանակ: Հանրապետության ներկայիս տնտեսական իրադրության գնահատման եւ զարգացման հիմնահարցերը համակողմանիորեն ներկայացվեցին տնտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանի կողմից:

Գիտաժողովի կազմկոմիտեի որոշմամբ զեկույցներում բարձրացված առաջարկություն-հիմնավորումները կամփոփվեն եւ կներկայացվեն համապատասխան պետական մարմինների քննարկելու եւ ընթացք տալու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ