News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Մաշտոցի այգում շինարարության դեմ բողոքի ակցիաներ կազմակերպող ակտիվիստներից մեկը` Բայանդուր Պողոսյանը 8-օրյա հացադուլ է հայտարարել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ միայն ինքն է հացադուլ հայտարարել եւ կոչ չի արել որեւէ մեկին միանալ իրեն, քանի որ հաշվի է առնում իր առողջությունը  եւ դիմացկունությունը, մինչդեռ ցանկացած այլ մարդու վրա դա կարող է  ուրիշ կերպ անդրադառնալ: Նրա նպատակը մեկն է` այգում կասեցնել շինարարությունը:

Դրանից բացի, հացադուլ հայտարարելով` երիտասարդն ուզում է ցույց տալ, որ իրենք այդքան թույլ չեն, խաղաղ ակցիան կարող է  նաեւ այդպիսի դրսեւորում ունենալ: Բայանդուր Պողոսյանի խոսքով` 8 օրից հետո դեպքերի հետագա ընթացքը եւ իր առողջական վիճակը ցույց կտա, թե ինչ է անելու:

Նա նշեց, որ իրեն բոլորն աջակցում են, տաք ծածկոցներ են բերել, կողքի ձյունը մաքրել են:  Այսօր հացադուլ հայտարարած ակտիվիստը գիշերելու է այգում:

Բայանդուրը  նաեւ տեղեկացրեց, որ այգում այժմ խաղաղ մթնոլորտ է, մարդիկ միանում են իրենց, որեւէ անկարգություն չկա, աջակցողների թիվն ավելանում է:

Նշենք, որ բնապահպան ակտիվիստների ակցիային երեկ միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու այգում «բուտիկներ» տեղադրելու դեմ: Մասնավորապես, այգի են ժամանել դերասան Հովհաննես Ազոյանը (Հովո), «Կարգին Սերիալ»-ից` Հայկ Մարությանը (Հայկո), դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, նաեւ հեռուստահաղորդավարներ Նվեր Մնացականյանը (Հ1), Արթուր Կիրակոսյանը («Երկիր մեդիա»), երգիչներ Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ այս խնդրով «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունները եւ բնապահպանական ակտիվիստները մի քանի օր առաջ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ