Այս պահին, երեկոյան ժամը 23:30-ի դրությամբ, Երեւանի Մաշտոցի պուրակում ակտիվ շինարարություն է ընթանում: Նման ուշ ժամի ոստիկանների ներկայությամբ շինարարություն իրականացնելու պատճառն այն է, որ այգում բողոքի ակցիա իրականացնող բնապահպան ակտիվիստները այգում չեն:

Արդեն մեկ շաբաթից ավելի է, որ բնապահպան ակտիվիստները, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները եւ այգու ճակատագրով մտահոգ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում այգու տարածքում եւ թույլ չեն տալիս, որ այնտեղ շինարարություն իրականցվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 17-ի առավոտյան միջադեպ է տեղի ունեցել Մաշտոցի այգում ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջեւ: Այգում մի քանի տասնյակ ոստիկաններ են հավաքվել` ոստիկանության Կենտրոնականի բաժնի պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանի գլխավորությամբ եւ նրանց օժանդակությամբ բանվորները փորձել են շինարարություն սկսել: Կենտրոնի ոստիկանապետը մոտեցել է ակտիվիստներին եւ պահանջել 5-10 րոպեի ընթացքում լքել տարածքը:

Ոստիկանները նշում են, որ իրենք վստահ են, որ այգում շինարարություն իրականացնելու վերաբերյալ քաղաքապետարանի որոշումը հիմնավոր է, իսկ ակցիայի մասնակիցներն իրենց հերթին նշում են, որ իրենք արդեն մի քանի օր է այգում ակցիա են իրականացնում եւ թույլ չեն տալու, որ անօրինական շինարարություն իրականացվի այգում:

«Մենք շարունակելու ենք մնալ այստեղ, սակայն մեր բոլոր գործողությունները լինելու են բացառապես խաղաղ»,- հայտարարել էր ակտիվիստ Եղիա Ներսիսյանը: Այսօր` փետրվարի 20-ի առավոտյան բողոքի ակցիա է իրականացվել նաեւ քաղաքապետարանի դիմաց` «Տարոն իջիր» կարգախոսով, սակայն քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի արձագանքել ակցիայի մասնակիցներին:

Նշենք, որ բնապահպան ակտիվիստների ակցիային միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, որոնք եկել են իրենց բողոքը հայտնելու այգում «բուտիկներ» տեղադրելու դեմ: Մասնավորապես, այգի են ժամանել դերասան Հովհաննես Ազոյանը (Հովո), «Կարգին Սերիալ»-ից` Հայկ Մարությանը (Հայկո), դերասաններ Երվանդ Մանարյանը, Աշոտ Ադամյանը, նաեւ հեռուստահաղորդավարներ Նվեր Մնացականյանը (Հ1), Արթուր Կիրակոսյանը («Երկիր մեդիա»), երգիչներ Արթուր Իսպիրյանը, Արսեն Գրիգորյանը եւ այլք:

Հիշեցնենք, որ այս խնդրով «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մեր քաղաքը» նախաձեռնությունները եւ բնապահպանական ակտիվիստները մի քանի օր առաջ հանդիպել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: