News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն արձագանքել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի փետրվարի 21-ի հայտարարությանը` կապված Մաշտոցի այգում «բուտիկներ» տեղադրելու հետ:

Նախաձեռնության հայտարարության մեջ ասվում է.

«Արձագանքելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությանը` կապված Երեւանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքի հասարակական հնչեղություն ստացած կառուցապատման հարցի հետ՝ հայտարարում ենք հետեւյալը.

1. Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի հանրային այգում տեղի ունեցող շինարարությանն առնչվող բոլոր իրավախախտումների թվարկումը ս.թ. փետրվարի 15-ին բանավոր, իսկ ս.թ. փետրվարի 20-ին գրավոր փոխանցվել է Երեւանի քաղաքապետին: Հարկ ենք համարում նշել, որ հանրային այս զբոսայգին պաշտպանող քաղաքացիներն իրենք են շահագրգռված այդ հարցը լուծել ոչ թե հուզական, այլ առարկայական եւ օրինական դաշտում:

2. Համաձայնելով պարոն Մարգարյանի այն կարծիքին, որ սեփականության իրավունքի պաշտպանությունը կարեւորագույն խնդիր է մեր քաղաքի զարգացման համար՝ ցանկանում ենք շեշտել, որ այդ հարցադրումը վերաբերում է ոչ միայն մասնավոր, այլեւ հանրային սեփականությանը: Ընդ որում, ՀՀ սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն «սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության եւ պետության իրավունքներն ու օրինական շահերը»:

3. Չնայած քաղաքապետի պնդմանը, կրկնում եւ հիմնավորում ենք, որ խնդրո առարկա կանաչ տարածքում իրականացվող շինարարությունը չի համապատասխանում «սահմանված կարգով հաստատված եւ համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին», խախտում է ՀՀ հողային, քաղաքաշինության եւ շրջակա միջավայրի օրենսդրությամբ սահմանված նորմերը եւ հասարակության կենսագործունեության միջավայրի փոփոխության վերաբերյալ իրազեկվելու եւ որոշումների մասնակցելու իրավունքը` արդյունքում ոտնահարելով Երեւանի քաղաքացիների առողջ եւ բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը:

4. Զբոսայգու «ոչ կանաչապատ, անբարեկարգ եւ անխնամ» վիճակը հետեւանք է  Երեւանի քաղաքապետարանի եւ Երեւան համայնքին պատկանող «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անբարեխիղճ գործունեության: Հետաքրքրական է, որ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն զբաղվում է ոչ թե տարածքի կանաչապատման եւ խնամքի աշխատանքներով, այլ կառուցապատմամբ:

5. Գնահատելով հանդերձ Երեւանի քաղաքապետի կողմից «հանրության ներգրավվածության ու իրազեկվածության» կարեւորումը` հիշեցնում ենք, որ այդ գործընթացը կանոնակարգվում է ՀՀ օրենսդրությամբ եւ պետք է տեղի ունենար մինչեւ համապատասխան որոշումների կայացումը:

6. Ձեռնարկատերերի փոխհատուցումը չի կարող գերակայել Երեւանի բնակիչների շահի նկատմամբ, առավել եւս որ տվյալ ձեռնարկատերերը տարիներ շարունակ շահույթ են ստացել հենց հանրային տարածքների հաշվին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ