News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի 13-րդ օլիմպիական ուղեգիրը նվաճեց գյումրեցի նիզականետորդ Մելիք Ջանոյանը: Ադլերի միջազգային մրցաշարում նա ցույց տվեց 79 մ 71 սմ արդյունք եւ 21 սմ-ով գերազանցեց օլիմպիական նորմատիվը: Մելիք Ջանոյանի մարզիչը հայրն է՝ Սիրեկան Ջանոյանը: Այժմ հայր եւ որդի Ջանոյանները շարունակում են մարզումները Ռուսաստանում:

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Սիրեկան եւ Մելիք Ջանոյանների հետ:

«Մոտ չորս ամիս տքնաջան մարզումներով պատրաստվում էինք այս մրացաշարին, եւ արդյունքն անակնկալ չէր: Մելիքը շատ լավ մարզավիճակում է, եւ հուսով եմ, որ այս արդյունքն էլ նա կբարելավի: Եթե մենք մարզումային պրոցեսն անցկացնելու այնպիսի հնարավորություններ ունենանք, ինչպիսին, օրինակ՝ ըմբիշները, ծանրորդները, բռնցքամարտիկները, ապա համոզված եմ` Մելիքն Օլիմպիական խաղերում մեդալի ռեալ հավակնորդ կլինի: Աթլետների համար հիմա Հայաստանում ոչ մի պայման չկա, Գյումրիում` առավել եւս: Ոչ ստադիոն կա, ոչ աթլետիակական վազքուղի:

Եթե Լոնդոնում Մելիքին հաջողվի կրկնել 79մ 71սմ արդյունքը, ես կարծում եմ, որ նա կմտնի եզրափակիչ, ութ լավագույնների մեջ: Իսկ եթե հաջողվի արդյունքը բարելավել երեք կամ չորս մետրով, ապա դա արդեն մեդալի համար շատ լուրջ արդյունք կլինի: Օլիմպիական խաղերում հաճախ անակնկալներ են գրանցվում, եւ հաղթում են այնպիսի մարզիկներ, որոնք հավակնորդների ցանկում չեն լինում: Չեմ բացառում, որ Մելիքը կարող է լիենլ հենց այդ մարզիկը: Բացի այդ էլ կա նպատակ, եւ դրան հասնել է պետք: Մենք մեկնելու ենք Լոնդոն լավ մասնակցելու համար»,- նշեց Սիրեկան Ջանոյանը:

Մինչեւ Օլիմպիական խաղերը Մելիք Ջանոյանը կմասնակցի միջազգային մրցաշարի ու Եվրոպայի առաջնությանը:

«Մարտի 1-ին մենք վերադառնում ենք Գյումրի, որտեղ, ինչպես արդեն նշվեց, հնարավորություն չկա լիարժեք մարզվելու համար: Գարնան առաջին ամսվա մեջ Խորվաթիայում մրցաշար է անցկացվելու, որտեղ կփորձենք մեկ շաբաթվա ընթացքում բարելավել Մելիքի մարզավիճակը: Բացի այդ, մինչեւ Օլիմպիական խաղերը Հելսինկիում կայանալու է Եվրոպայի առաջնությունը, որին մենք նույնպես կմասնակցենք: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմիյանն օգնում է, ինչով կարողանում է: Հավաքներից մեկը կազմակերպեց Հայաստանի օլիմպիական կոմիտեն, ինչի համար շատ ուրախ եմ: Այս մրցումներում Էմիյանի ջանքերով մենք հովանավոր ունեցանք: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Պյոտր Գրիգորյանին մեզ աջակցելու համար:

Անկախ նրանից, թե հետո ինչ արդյունք կունենանք, ուզում եմ նշել, որ այս արդյունքը շատ բարձր արդյունք է: Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ անձրեւը թույլ չտվեց Մելիքին իր հնարավորությունների սահմաններում հանդես գալ: Հիմա Լոնդոնն էլ եղանակային առումով արեւոտ քաղաք չէ, եւ ես մտավախություն ունեմ, որ կարող է կրկնվել այն, ինչ տեղի ունեցավ Չինաստանում: Նիզականետորդների համար առաջին խանգարող հանգամանքը անբարենպաստ եղանակն է: Իսկ եթե ամեն ինչ նորմալ լինի, մենք պետք է որ ուրախացնենք հայ մարզասերին»,- ասաց Սիրեկան Ջանոյանը:

«Կարեւորը օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն էր: Փորձը բավականին հաջող ստացվեց, ու կարողացա լավ արդյունքի հասնել: Իմ նախորդ լավագույն արդյունքը 78մ 03սմ էր, եւ բնականաբար հիմա մեկուկես մետրից ավելի հեռու նետելով նիզակը` ես տրամադրվում եմ արդեն ավելի բարձր արդյունքների:

Պետք է մոռանալ Պեկինի խաղերը, որտեղ եղանակի պատճառով տուժեցի ոչ միայն ես, այլ նաեւ շատ մարզիկներ, ու տրամադրվել նոր նվաճումների: Փետրվարի 28-ին մեկնարկելու է Ռուսաստանի առաջնությունը, ու եթե ես հասցնեմ ապաքինվել հարբուխից, կմասնակցեմ այդ մրցումներին, որը կլինի հերթականը նախապատրաստական փուլը»,- հայտարարեց Մելիք Ջանոյանը:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ