News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ջոակինո Անտոնիո Ռոսինի`  «Սեւիլյան սափրիչը» օպերայի հեղինակ: Թերեւս սա այն ամենն է, ինչ նրա մասին այսօր գիտեն շատերը: Բայց հենց այս օպերան ծանոթ է գրեթե բոլորին եւ համարվում է իտալական բոլոր երգիծական օպերաների պսակը:

Բոմարշեի պիեսի հիման վրա գրված գլուխգործոցը Ռոսինին գրել է ընդամենը 20 օրում:

Այսօր` փետրվարի 29-ին, լրանում է երգահանի ծննդյան  220-ամյակը: Google-ը նրան է նվիրել իր տոնական տարբերանշանը:
Ռոսինիի հայրը վալտորնիստ է եղել, մայրը` երգչուհի. տղան մեծացել է երաժշտական միջավայրում եւ այնքան լավ է տիրապետել երաժշտությանը, որ առաջին իսկ կիսամյակից նրան ազատել են երաժշտական դպրոցից` ասելով, որ այլեւս սովորելու բան չունի:

Առաջին օպերան` «Ամուսնական օրինագիծը», գրել է 18 տարեկանում: «Սեւիլյան սափրիչը»  գրել է 24 տարեկանում: Հռոմում օպերան մեծ անվստահությամբ ընդունեցին, քանի որ հանդգնություն էին համարում այն, որ Պաեզիելոյից հետո ինչ-որ մեկը համարձակվել է նույն սյուժեով օպերա գրել: Առաջին ներկայացման ժամանակ այն սառը ընդունելության արժանացավ, երկրորդ ներկայացումը, որի ժամանակ հիասթափված Ռոսինին հրաժարվեց դիրիժորություն անել, հակառակը, շշմեցուցիչ հաջողության ունեցավ. հանդիսականներն անգամ ջահերով երթ կազմակերպեցին:

1823թ. հոկտեմբերին Ռոսինին այցելեց Փարիզ, որտեղ էլ վերածվեց իսկական ֆրանսիացու, իսկ 1829թ. գրեց «Վիլհելմ Տելը»` օպերայի ասպարեզում իր գլխավոր ստեղծագործությունը եւ որոշեց, որ երաժշտության մեջ ինքն այլեւս ասելիք չունի: Կյանքի մնացած 38 տարիներին Ռոսինին փետուրը ձեռքն էր վերցնում միայն իր հայտնի Stabat Mater-ը գրելու համար:

Ռոսինիի մասին հայտնի դեպք են պատմում: Ասում են, Ռոսինիի փառքն այնքան մեծ է եղել, որ նրան կենդանության օրոք որոշել են հուշարձան կառուցել. Իտալական Պեզարո քաղաքի մագիստրատը Ռոսինիի մոտ պատվիրակություն է ուղարկել, որը տեղեկացրել է գլխավոր հրապարակում նրա բրոնզաձույլ արձանը տեղադրելու որոշման մասին:

-Իսկ որքա՞ն կարժենա այդ արձանը, - հարցրել է Ռոսինին:

-Քսան հազար լիրա, - պատասխանել են պատվիրակները:

-Պարոնայք, ավելի լավ է այդ գումարն ինձ տաք: Հավատացնում եմ ձեզ, այդ գումարի դիմաց ես ինքս հուշարձանի փոխարեն հաճույքով կկանգնեմ պատվանդանին, - վճռականորեն հայտարարել է երգահանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ