News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

20-ամյա Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող ամուսինը` Յանիս Սարկիսովը փետրվարի 17-ից գտնվում է հացադուլի մեջ։ Վերջինս բողոքում է Վերաքննիչ դատարանի կողմից կայացրած որոշման դեմ: Այս մասին NEWS.am-ին  հայտնեց ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ Սարկիսովի առողջական վիճակը բավարար է գնահատվում:

Հիշեցենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ դեկտեմբերի 27-ին մերժել էր Յանիս Սարկիսովի պաշտպան Ժորա Հարությունյանի վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ թողել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Սարկիսովը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Իսկ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Թաթուլ  Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 14-ին 10 տարվա ազատազրկման է դատապարտել Յանիս Սարկիսովին, ով մեղավոր է ճանաչվել գրեթե մեկ տարի առաջ սեփական կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելու մեջ, ինչը հանգեցրել է վերջինիս մահվանը: Դատաքննության ողջ ընթացքում վկաների մեծ մասը պնդել են, որ մանկատան սան Զարուհի Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել Յանիս Սարկիսովի եւ նրա մոր կողմից, իսկ դեպքի օրն էլ` սեպտեմբերի 30-ին նրան ծեծելով նետել են աստիճաններից: Նա մահացել էր հոկտեմբերի 1-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Յանիս Սարկիսովին ձերբակալել էին եւ մեղադրանք առաջադրել 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով, իսկ նրա մորը ոչ միայն պատասխանատվության չէին ենթարկել, այլեւ Զարուհու փոքրիկ աղջնակին հանձնել էին տատի խնամակալությանը: Սարկիսովը ողջ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չէր ճանաչել, ավելին, սանձարձակ վարք էր դրսեւորել դատարանի դահլիճում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ