News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Մարտի 14-ին լրանում է օրիգամիի մեծ վարպետի` Ակիրա Յոսիձավայի ծննդյան 101 եւ մահվան 7-րդ տարին. նա մահացել է իր ծննդյան  94-րդ  տարեդարձի օրը:

Թուղթը ծալելու միջոցով պատկերներ ստանալու ճապոնական հնագույն արվեստը 20-րդ դարում Յոսիձավայի շնորհիվ տարածվեց ամբողջ աշխարհում: Վարպետը պայմանական նշանակումներ հորինեց թուղթ ծալելու սխեմաների համար, եւ աշխարհում սկսեցին նրա գծագրերի միջոցով սովորել այդ արվեստը:

Google որոնողական համակարգը ստեղծել է տոնական հերթական տարբերանշանը. այն բաղկացած է օրիգամայի տեխնիկայով ստեղծված տառերից:

Իր ստեղծագործական գործունեության սկզբում Յոսիձավան մեքենաշինական գործարանում աշխատել է որպես գծագրող, եւ նորեկներին սովորեցրել է գծագրական երկրաչափություն` բացատրելու համար օրիգամիի ֆիգուրներ ծալելով:

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին  Յոսիձավան սկսել է աշխատել Հոնկոնգի զինվորական հոսպիտալի սանիտարական բաժանմունքում, որտեղ վիրավորների մահճակալները զարդարում էր վառ, գույնզգույն թղթե պատկերներով:

1951 թվականին Յոսիձավան հնարավորություն է ստացել իր արվեստը դրսեւորելու:  «Ասահի գրաֆ» ամսագիրը որոշել է նկարազարդել իր հոդվածներից մեկը չինական կենդանակերպի նշանների  թղթե պատկերներով: Յոսիձավան այնքան հմտորեն է կատարել աշխատանքը, որ  «Ասահի գրաֆի» համարը 1952 թվականի հունվարին մեծ հաջողություն է ունեցել, իսկ պատկերների հեղինակը շատ արագ հայտնի է դարձել ինչպես Ճապոնիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: 

1954 թվականին Ճապոնիայում թողարկվել է նրա առաջին` «Օրիգամիի նոր արվեստը» գիրքը, եւ հենց այդ նույն տարին էլ  հիմնադրել է Տոկիոյում Օրիգամիի միջազգային կենտրոնը: Յոսիձավան մշակել է օրիգամիի այբուբեն եւ ստեղծել ավելի քան 50 000 օրինակներ: Նա գրել է 18 գիրք եւ հայտնաբերել թաց ծալման տեխնոլոգիան, որի միջոցով կարելի է գեղեցիկ կլոր պատկերները ծալել հաստ թղթից: 1983 թվականին Ճապոնիայի կայսր Հիրոհիտոն նրան պարգեւատրել է ծագող արեւի շքանշանով, որը Ճապոնիայում ամենապատվավոր պարգեւներից է:

Յոսիձավան մահացել է 2005 թվականի մարտի 14-ին` իր  ծննդյան 94-րդ տարեդարձի օրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ