News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ական գործարար պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեծամասնական ընտրակարգով չի առաջադրվելու մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Ավելին, եթե ընդգրկված լինի ՀՀԿ-ի համամասնական ցուցակում, ապա կհրաժարվի պատգամավորի մանդատից: Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը` Ռուբեն Հայրապետյանը՝ մեջբերելով նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը, որ գործարարները չեն լինի ցուցակում:

Ռուբեն Հայրապետյանի առաջադրման որոշումը փոխելու պատճառը զբաղվածությունն է, քանի որ, իր խոսքով, հաճախ ՖԻՖԱ-ի նիստերը համընկնում են ԱԺ-ի նիստերի հետ, ամսվա մեջ մի քանի անգամ ճամփորդությունների մեջ է եւ այլն: Իսկ այդ դեպքում «ամեն մի դուրսպրծուկ իրեն ասում է, թե ինչու ես բացակայում», շահարկում են իր բացակայությունները եւ այլն:

Մինչդեռ, նրա խոսքով, հայկական ֆուտբոլի զարգացումը եւ պատգամավորի աշխատանքը համատեղելի չեն, իսկ երկրի նախագահն իր առաջ խնդիր է դրել՝ զարգացնել հայկական ֆուտբոլը, հաղթահարել աշխարհի առաջնության նախընտրական փուլը:

Թեեւ նա չի առաջադրվելու, բայց կօգտագործի իր բոլոր լծակները եւ հնարավորությունները հանուն կուսակցության եւ նրա թեկնածուների: «Աղջիկ ջան, ես երբ եմ կեղծել, ես դրա մասին չեմ էլ կարող մտածել, լավ է չեք ասում, որ ես էլ եմ կեղծիքներով ընտրվել»,- ասաց նա լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, թե կեղծելո՞ւ եք ընտրությունները:

Ի դեպ, նա նշեց նաեւ, որ միակ մարդը, ով կարող է իրեն համոզել փոխել առաջադրման մասին որոշումը, իր լավագույն ընկեր, շատ սիրելի եւ հարգելի Սամվել Ալեքսանյանն է: «Հլը մի հատ դեմքիս ուշադիր նայեք, ես նմա՞ն եմ մարդու, որին կարող են ստիպել, իմ ընկերը կարող  ինձ համոզել, միակ մարդն ինքն է, որ կարող է համոզել, որին ես շատ եմ սիրում եւ հարգում»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ չի ցանկանում առաջադրվել, այնուհետեւ նշել, որ կառաջադրվի որեւէ ընտրատարածքում, որտեղ իր պահանջարկը լինի: Նա նշել էր, որ չառաջադրվելու մասին որոշումը փոխել է, քանի որ կուսակցությունն է այդպես որոշել, իսկ ինքը անկախ մարդ չէ եւ պարտավոր է հարգել կուսակցության որոշումները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ