News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


NEWS.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ:

Պարոն Սարգսյան, Հայ ազգային կոնգրեսին մասն կազմող կուսակցություններից մի քանիսն էին մասնակցում «Ազատ դեմոկրատների» համագումարին, իսկ առանցքային դեմքերից միայն դուք էիք: Հնարավո՞ր է համագործակցություն «Ազատ դեմոկրատների» հետ կոնկրետ «Հանրապետություն» կուսակցության մասով:

Գիտեք ինչ, քաղաքականությունը դինամիկ գործընթաց է: Այսօր մենք Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում ակտիվորեն մասնակցում ենք քաղաքական գործընթացներին: Այդ գործընթացներին «Հանրապետություն» կուսակցությունը, իմ կարծիքով, լինելու է ամենաակտիվներից, ամենաջանասիրաբար աշխատողներից: Ընդհանրապես Աստված 7 օրում ստեղծեց աշխարհը, ավել բան չծրագրավորեց, մարդն ով է, որ..: Ես չեմ կարող հինգ տարվա համար ծրագրեր ասել:

Իսկ առաջիկա ամիսների ընթացքո՞ւմ:

Առաջիկա ամիսների ընթացքում բացառվում է, որովհետեւ մենք Հայ ազգային կոնգրեսի շրջանակներում ներգրավված ենք եւ մասնակցելու ենք ԱԺ ընտրություններին այդ շրջանակներում:

Հայ ազգային կոնգրեսի ցուցակի հետ կապված մամուլում բազմաթիվ խոսակցություններ են գնում, եւ Կոնգրեսն էլ մինչ այժմ չի հստակեցրել իր համամասնական ցուցակը:

Չկա որեւէ քաղաքական ուժ, որի համամասնական եւ մեծամասնական ցուցակների քննարկման ժամանակ չառաջանան պրոբլեմներ, խնդիրներ, գոհեր-դժգոհներ: Հայ ազգային կոնգրեսն այդ հարցում բացառություն չի կազմում: Ավելին, չպիտի էլ կազմեր, որովհետեւ վառ անհատականությունները, աշխատանքային փորձ, կենսագրություն ունեցող մարդիկ շատ-շատ են այդ կառույցում: Եւ այստեղ, թե ինչպիսին է այդ ցուցակը, գնահատականը տալիս է ժողովուրդը` ընտրություններին մասնակցելով, իր քվեով: Իհարկե, մեր երկրում արդար ընտրություններին ես չեմ հավատում, բայց նաեւ ընտրարշավի ժամանակ տվյալ քաղաքական ուժի հանրահավաքներին մասնակցելով, եւ, ինչու չէ, նաեւ հետընտրական պրոցեսներով մասնակցությամբ: Եթե ցուցակը լավ է լինում, հասարակությունը լավ է մասնակցում, վատ է լինում` վատ է մասնակցում:

«Հանրապետություն» կուսակցությունը Հայ ազգային կոնգրեսում ներկայացված է մեկ անձով, մեծամասնական ընտրակարգով մասնակցելո՞ւ է կուսակցությունը:

Մեծամասնական ընտրակարգով ես Հայ ազգային կոնգրեսի շտաբին եւ նաեւ իմ բազմաթիվ հարցազրույցներում տվել եմ անհատների անուններ, որոնք կարող են իրենց մասնակցությունը բերել: Բայց մեծամասնական ընտրակարգը պահանջում է նաեւ լրացուցիչ նյութական միջոցներ, իսկ մեր կուսակցության անհատները պայքարի մեջ չեն մտնելու ուղղակի վերահսկելու համար, այլ պայքարի մեջ մտնում են իրական հաղթանակի հասնելու համար, իսկ դա նշանակում է, որ պիտի աշխատանքներ տարվեն հաշվառման, շենք առ շենք, գյուղ առ գյուղ, ովքեր են ներկա, ովքեր բացակա, պիտի համախոհների եւ համակիրների խմբեր հավաքվեն: Հետեւաբար սա լուրջ ներդրումների խնդիր է պահանջում: Եթե այդ խնդիրը լուծվի, իհարկե, կմասնակցեն, եւ ես հուսով եմ, որ այդ մարդկանցից մի քանիսը մեծամասնականով ռեալ հնարավորություն ունեն հաղթանակ տանելու: Եթե չլուծվի, մասնակցել ուղղակի մասնակցելու համար, որ «Հանրապետությունից» մարդ է դրել, նույնն է, որ գումարները վատնել: Այսինքն եթե այդ աշխատանքները, ինչ անհրաժեշտ է անել տեղում, չարվի, հետեւաբար կհամարեմ անիմաստ մասնակցելը:

Շնորհակալություն:

Զրուցեց Արտակ Եղիազարյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ