News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սամցխե-Ջավախք տարածաշրջանի խնդիրների լուծման բանալին նրան ինքնավար կարգավիճակի տրամադրումն է: Այդ մասին հայտարարել է Տարածաշրջանի հայկական հասարակական կազմակերպության խորհրդի համակարգող, «Ա-ԻՆՖՕ» տեղեկատվական գործակալության տնօրեն Արտակ Գաբրիելյանն, այսօր` մարտի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ:

Խորհրդի համակարգողը հայտնել է, որ վերջերս այցելել է Բրյուսել եւ մի շարք հանդիպումներ ունեցել, մասնավորապես Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ: Քննարկումների հիմնական խնդիրը վերաբերել է տարածաշրջանին ինքնավար կարգավիճակ տրամադրելու անհրաժեշտության, հայոց լեզվին տարածաշրջանային կարգավիճակ տրամադրելու հարցերին, ժողովրդագրական եւ սոցիալական խնդիրներին, մարդու իրավունքների, ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականության քաղաքականության իրականացման հարցերին: Գաբրիելյանը տարածաշրջանի գլխավոր սպառնալիքներից է համարում այն, որ երկաթուղու շինարարության կապակցությամբ առաջացել է թուրքական էքսպանսիայի վտանգ, իսկ տարածաշրջանին ինքնավարություն տրամադրելը կչեզոքացրեր դա:

Գաբրիելյանի խոսքով, եվրոպական խորհրդարանականներն ըմբռմամբ են մոտեցել այդ հարցերի կարեւորությանը եւ զարմանք հայտնել, որ ավելի վաղ դրանք եվրոպական մակարդակով չեն բարձրաձայվել: Այդ առթիվ Գաբիրելյանը երկու հանգամանք է նշել` առաջին, Ջավախքի ներկայացուցչի համար դժվար է հասնել Եվրոպա, բացի այդ, ջավախեցիները փորձել են հարցը լուծել Վրաստանի իշխանությունների հետ:

Խորհրդի համակարգողի խոսքով, տարածաշրջանում վրացերենի լիակատար ուսուցման համար անհրաժեշտ է տարածաշրջանում ստեղծել կենտրոններ, եւ հարցի լուծմամբ պետք է զբաղվեն երկրի իշխանությունները: Այն հարցին, թե ինչու ջավախեցիները մինչ այժմ վրացերեն չեն սովորել` Գաբրիելյանը նշել է, որ հանգամանքների բերումով դրա անհրաժեշտությունը չի եղել, քանի որ տարածաշրջանում հայերը կոմպակտ ձեւով են բնակվում: «Ջավախեցիները մեղավոր չեն, որ չգիտեն վրացերեն: Նախկինում անհրաժեշտություն չի եղել, չկան նաեւ համապատասխան կրթական հաստատություններ»,-հայտարարել է Գաբրիելյանը:

Նրա խոսքով, Վրաստանի կառավարությունը Եվրոպայից եւ միջազգային կազմակերպություններից ստացած գումարները ծախսում է Թբիլիսիի եւ այլ շրջանների վրա, իսկ Ջավախքին ոչինչ չի հասնում: Ընդգծելով, որ Խորհուրդը հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության օգտին` Գաբրիելյանը նաեւ հայտարարել է երկրի դաշնային բնույթի եւ ազգային փոքրամասնություններին ինքնավարության տրամադրման անհրաժեշտության մասին: «Խնդիրները միայն հայկական համայնքինը չեն, ազգային մյուս փոքրամասնություններն, ասենք ադրբեջանցիները, եւս ունեն խնդիրներ»,-նշել է Խորհրդի համակարգողը` կրկին ընդգծելով, որ Ջավախքի խնդիրները մեծամասամբ քաղաքական ենթատեքստ ունեն, եւ տարածաշրջանին ինքնավարության տրամադրումը կլուծի բազմաթիվ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ