News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վերջապես մենք հասանք «Հայ սուպերսթար-5» նախագծի երկարատեւ մարաթոնի կեսին, որի ընթացքում եւ թռիչքներ են եղել եւ անկումներ, եղել է էքսպրեսիա եւ գորշություն, ամեն ինչ ըստ ժանրի օրենքների: Բայց հատկապես այսօր հանդիսատեսը կանգնած է դժվար ընտրության առաջ, քանի որ որքան վառ ու հիշվող են կատարումները, այնքան դժվար է ընտրություն կատարել: Սա հենց այդ դեպքն է:

Նախագծի մասնակիցներն այս անգամ, կարծես, նոր ձեւով բացվեցին եւ հանդիսատեսին հեղեղեցին զգացմունքներով: Իհարկե, եղան նաեւ համեմատաբան անհաջող ելույթներ, սակայն տրամադրությունը, որը մասնակիցները կարողացան հաղորդել դահլիճին, անկասկած ծածկում են այդ թերությունները:

Նման ոգեշնչման աղբյուրը ժողովրդական երգն էր: «Հայ սուպերսթար-5»-ի 6-րդ գալա-համերգում հնչում էին միայն ժողովրդական երգեր, որոնք իրենց հոգեպարար հնչյուններով հարազատ միջավայր էին ստեղծել դահլիճում:

Դժվար է չհամաձայնել ժյուրիի անդամների հետ, ովքեր համերգի ժամանակ բազմիցս նշեցին, որ ժողովրդական երգի ընկալումը, թերեւս, նստած է գենետիկ ինչ-որ մակարդակում: Դրա առավել վառ վկայությունը օտար ափերում ապրած Երվանդ Մաթեւոսյանն ու Արթուր Մացակյանն էին, ովքեր տարբեր կերպ, բայց կարողացան զգալ ժողովրդական երգի ոգին: Երվանդի մոտ մի փոքր շատ էր ձեռքերը թափահարող ժեստերը, որն ավելի շատ բնորոշ է լայնարձակ Ուկրաինային, քան խիստ զուսպ լեռնցիներին: Սակայն դա չխանգարեց նրան հուզել դահլիճում նստածներին:

Դե, իսկ էպատաժային Արթուրն իր տարերքի մեջ էր` ուրախացրեց ներկաներին իր կատարումով ու Լեյլա Սարիբեկյանի նկարով շապիկով: Նա, ինչպես միշտ, կարողացավ տրամադրություն բարձրացնել, չվախենալով ծիծաղելի լինելուց:

Արաքսյա Ամիրխանյանը հիանալի տեսք ուներ իր երկար կարմիր զգեստով, սակայն առավել գրավիչը նրա հոգու խորքից բխող կատարումն էր: Վերջապես, նա ստիպեց հանդիսատեսին իր մեջ տեսնել ոչ թե գեղեցիկ տիկնիկի, այլ իսկական արտիստի: Ժյուրիի 5 անդամներից 3-ը նրան ծափահարեցին հոտնկայս: «Ես նույնպես հիացած եմ: Իհարկե, ոչ այնքան, որ հոտնկայս ծափահարեմ, բայց այդուհանդերձ, հիացած եմ»,-ասաց հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, իսկ երգչուհի Լեյլա Սարիբեկյանը պնդեց, որ Արաքսյային տեսնում է հենց ժողովրդական երգի ոճում: «Դա քոնն է»,-ասաց նա:

Մրցույթի ամենափոքրիկ մասնակիցը` Ռիմա Ֆարսյանը եւս իր լավագույն կատարումը հենց այս ոճում ցուցադրեց: Ռիման բնական էր, ձայնը հնչում էր ավելի ամուր եւ համոզիչ, քան` սովորաբար: Հաջող կատարում, դրական էներգետիկա. Ռիմայի մոտ այս անգամ ամեն ինչ ստացվում էր:

Անահիտ Հարությունյանը չզարմացրեց, բայց ուրախացրեց, ով նրբության ու կանացիության մարմնացում է: Մրցույթի այս մասնակիցը շատ սահմանափակ էր այս ժանրում, ինչը բոլորովին էլ զարմանալի չէ. չէ՞ որ նա, ինչպես նշեց Ավետ Բարսեղյանը, «հայ կնոջ կերպարի մարմնացում է»:

Ուստի այս ոճում հանդես գալը նրա համար առանձնապես դժվարություն չէր ներկայացնում:

Իսկ ահա Ջուլիետտա Սարգսյանի համար ժողովրդական երգ կատարելու փորձը դաժան փորձություն դարձավ: Այդ հանգամանքը եթե չի արդարացնում, ապա որոշ չափով բացատրում է Ջուլիետտայի ոչ այնքան հաջող ելույթը: Ընդհանուր առմամբ, ինչպեց ցանկացած զգացմունքային հանդիսատես, ես նույնպես «Հայ սուպերսթարում» ունեմ իմ համակրանքները: Այդ առումով, թեեւ Ջուլիետտա Սարգսյանն ինձ ընկեր է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է:

Փոքրիկ ապստամբն այս անգամ չկարողացավ հաղթահարել իր առջեւ դրված խնդիրը, սակայն, հուսով եմ, հանդիսատեսն ի վերջո կաջակցի նրան` հաշվի առնելով բոլոր համերգներում ունեցած նրա արդյունքը, այլ ոչ մեկանգամյա ձախողումը: Ցավալի կլինի զրկվել եւս մեկ վառ անհատականությունից համերգային բեմում:

Սոնա Ռուբենյանից ոչ ոք այլ ելույթ չէր սպասում, բացի հրաշալիից: Ժյուրիի անդամները միաբերան գովեցին Սոնային, հանդիսատեսը գոհ մնաց, իսկ երգչուհին էլ խոստացավ իր երգացանկում ընդգրկել ժողովրդական երգերը: Սոնան, թերեւս, մասնակիցների մեջ ամենաունիվերսալ կատարողն է: Նրան եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան է հաջողվում:

Համերգն ավարտված է, հերթական փորձությունը` հետեւում: Ի՞նչ վճիռ կկայացնի հանդիսատեսն այս անգամ:

 

Աննա Դավթյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ