News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել պետական դավաճանության համար Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին եւ Ա. Չտրկյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները եւ դատապարտել երկարատեւ ազատազրկման:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթեւոսյանը եւ Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների եւ տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:

Բացի այդ, պարզվել է նաեւ, որ ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը եւ Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել եւ տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթեւոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով: Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին եւ Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Դատարանում հետազոտված ապացույցներով դատարանը հիմնավորված է համարել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները: Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.12թ դատավճռով

Կ.Մեհրաբյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել 14 տարվա ազատազրկման,  Ռ. Մաթեւոսյանը`  ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով, Ա. Չտրկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով:

Կ. Պետրոսյանը եւ Ա. Ավետիքյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով եւ դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Նրանք կալանավորվել են դատարանի դահլիճից:

Դ. Ավետիքյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ պատիժ է սահմանվել տուգանք 500 հազար դրամի չափով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անչափահաս երեխա ունի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ