News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Պետությունը համոզիչ կերպով առաջարկում է մասնավորին գյուղացիական կաթի մթերումը 140 դրամ/լիտրից ցածր չկազմակերպել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասացին մի քանի կաթնամթերք արտադրողների ներկայացուցիչներ` խոսելով գյուղատնտեսության նախարարի մոտ մարտի 24-ի տեղի ունեցած հանդիպման մասին: Ըստ նրանց, հանդիպման ժամանակ առաջարկվեց չիջնել այդ շեմից մինչեւ մայիսի 15-ը: Գյուղնախարարությունում, մեր հարցին ի պատասխան, նշեցին, որ ուղղորդիչ շեմ, որպես այդպիսին, չի առաջարկվել. պայմանավորվածություն է ձեռք բերվել մթերումը կազմակերպելիս առավելագույնս հաշվի առնել գյուղացու շահերը: Վերամշակող ընկերություններն այս պահին կաթ են մթերում միջինը 140-150 դրամ/լիտրով (3,6% բազիսային յուղայնությամբ): Ըստ ոմանց, նման գնով պանիր արտադրելը բերում է իրացման ռիսկերի. 150 դրամով մթերված կաթից պանիրը` այլ ծախսերը եւ ողջամիտ շահույթը գումարած, 2000 դրամից էժան լինել չի կարող: Նախորդ տարվանից հետո այդպիսի ռիսկի շատերը չէ, որ ցանկանում են դիմել:

Վերամշակողներից մեկի ներկայացուցիչը, խնդրելով չնշել իր անունը, ասաց, որ իր ընկերությունն ունի զգալի քանակի ապրանքային մնացորդ: «Եթե ձմռանը գնում էինք 150 դրամով, ապա ամռանը, երբ կաթը շատ լինի, կարող են մեզ 120-130 դրամով հանձնել: Զարմանալի է` ինչու այդպիսի գինը բնական չեն համարում: Թող հաշվեն` էդպիսի կաթից պանիրն որքան կարժենա, ով է այդ գնով առնելու: Իսկ եթե մենք կաթ չվերցնենք` հատկապես որ էս տարի կաթը շատ պիտի լինի, գյողացին պիտի իր անասուններին մորթի», - ասաց նա:

Ներկայիս գինը պանրի համար ձեռնտու չի համարում նաեւ մեկ այլ ընկերության ներկայացուցիչ, որը նույնպես չցանկացավ հրապարակել իր անունը: Նրա գնահատմամբ, դեռ անցած տարվա գերարտադրությունից տեղական շուկայում չի իրացվել մոտ 1000-1500 տոննա պանիր: «Դրա համար կարելի է նաեւ մտածել` եթե գարնան 1 տոննա կաթն ամռանը դառնա 10, պանրագործները պատրա՞ստ են ռիսկի գնալ ու էդ կաթը պանրի համար մթերել», - ասաց նա:

Կաթի գնին պետք է գումարել նաեւ ավելացված արժեքի հարկը, որից անհատ ֆերմերներն ազատված են: Այսինքն դե-ֆակտո մթերողի համար այդ 140-150 դրամը փաստացի դառնում է 170-180, դա էլ բազմապատկվում է 9,5-10-ով (այդքան լիտր կաթ է ծախսվում 1 կգ նորմալ որակի պանրի համար): «Բազմապատկելուց» հետո կաթը դեռ պետք է եփել (գազի ծախս), եւ թողնել մոտ 10% շահույթի մարժա (ոլորտի միջինը` մինչեւ 2011 թ. գերարտադրությունը): Այդպիսի պայմաններում ավելի ձեռնտու է արտադրել կաթնաթթվային մթերք, որի համար, ի տարբերություն պանրի, կարելի է օգտագործել փոշի` որակը չվնասելով: Վերջին 1-2 տարում Հայաստանում ընդլայնվել է կաթի փոշու արտադրությունը (հիմնականում` վերամշակողների ներքին կարիքների համար), սակայն ներմուծվող փոշին այսօօր ավելի էժան է. բելառուսականը, 1 լ կաթի վերածելով, արժե 120 դրամ:

Եզրակացնում է մեկ այլ ձեռնարկության ներկայացուցիչ` կրկին անանունության պայմանով. «Ուրեմն, պանիր այս տարի չի լինելու: Ես անձամբ չեմ արտադրի: Եթե մթերման գինը 120 դրամ լինի, կվերցնեմ: Արտադրողն էլ շրջանառու միջոցներ պիտի ունենա: Իսկ եթե կաթը ժամանակին մթերվել է թանկ գնով, դրանից պանիրը թանկացավ, եւ բոլորը սկսեցին տեղում արտադրել, ու գինն ընկավ, դրա մասին մտածելը դժվար է», - նշեց նա:

Վերը նշված արատավոր շղթան նկարագրում է 2010 թ. աշունը եւ 2011 թվականը, որի «պտուղների» զգալի մասը մնացել է պահեստներում: Այս տխուր սյուժեի առաջին դրվագները կարող են կրկնվել այս ամռանը, եթե կաթի գներից դժգոհ գյուղացիներն անասուն մորթեն, նշում է Հայաստանի պարագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը: Փոքր արտադրողները «պանրի համը զգացել են», այդ պատճառով շուկայի ծավալն այլեւս դժվար է կանխատեսել. ցանկացած բսրենպաստ պահին, լինի դա առատ խոտ կամ թանկ պանիր, իսկույն կարող են (վերա)բացվել տասնյակ արտադրամասեր եւ ավելացնել պանրի ծավալները: Եվ առանց արտահանման, բերքն ու բարիքը շուկայի լեզվով կկոչվի լճացում, ինչպես եղավ 2011 թվականի գերարտադրության ժամանակ:

Ի դեպ, Ազգային վիճծառայության տվյալներն այդ գերարտադրությունն ասել է թե չեն ֆիքսում. 2011-ին` ընդամենը 3%-ի աճ: Գուցե արտադրողները չիրացված մնացորդը չեն ուզում վերածել թվերի, որ չպատմեն հարկայինին 2011 թվականի դրաման` ի բացատրություն նրա, որ ավելցուկը ստվեր չի գնացել:

Այդ ավելցուկից ազատվելու համար անհրաժեշտ են նոր շուկաներ. պարզ է, որ Հայաստանի պանրի սարերը Ռուսաստանի կամ ԱՄՆ-ի համար կաթիլ են ծովում: Պանրի արտահանմանն օգնելու համար պետությունն` ասոցիացիայի հետ միասին, ստեղծեց «Հայկական պանիր» ընկերությունը` կարեւոր համարելով պանրի արտահանման զարգացումը: Այդուհանդերձ, մի ձեռքով պետությունը քաջալերեց, մյուսով` սանձեց. «հայկական» բառի համար նախատեսված 2 տարվա պետտուրքը` 1,2 մլն դրամը չզեղչվեց եւ տույժերի հետ միասին հասավ 3 միլիոնի: Արտադրողները եւս, թեեւ լինելով շահագրգիռ կողմ, գումարն առայժմ չեն մարում:

Գուցե եռանդ ավելացնի արտահանման աճը: Առայժմ դա վերաբերում է հեռանկարին. երկրում տարեկան արտադրվող 17 հազար տոննա պանրից 2011 թ. արտահանվել է միայն 3%-ը` շուրջ 440 տոննա: Դրանից էլ միության ուժերով արտահանվել է 100 տոննա, որից «Հայկական պանիր» բրենդի տակ արտահանվել է միայն 25-ը: Պատճառը որակի հանդեպ բարձր պահանջներն են` դրսում հեղինակություն վաստակելու համար:

«Կառավարության հետ համագործկցության հաջող փորձ ունեցանք: Հույս ունենք, որ ամենապատասպաատու փուլը` շուկաների ուսումնասիրությունը, մարկետինգային արշավը եւ որակի կառավարումը, նույպես կանցնի նրանց մասնակցությամբ: Կաթի որակը միանշանակ կարելի է երաշխավորել: Որակի չափանիշներում էլ վերջին տարիներին արտադրողները որոշակի աշխատանք են կատարել: Այստեղ եւս վերադառնում ենք որակի հարցին. եթե շուկան կարգավորված չէ, եւ կասկածելի պանիրը տեղ է գտնում շուկայում, որակյալ պանիր արտադրողը չի կարողանա մրցակցել, եթե միայն լավորակ եւ համեմատաբար թանկ պանիր արտադրի: Որակի պատշաճ վերահսկողության դեպքում այդ խնդիրը չենք ունենա: Այդ դեպքում հերթը շուկայագետներինը կլինի` գտնել արտահանման ուղղություններ: Անցած տարի ծրագիրն ուշացավ` շուկան չազատելով պանրի ավելցուկից: Այս տարի, հույս ունենք, կառավարության աջակցությունը չի հապաղի», - նշեց Ա. Գիգոյանը:

 

Արամ Գարեգինյան

Տպել
Ամենաշատ