News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այս տարի ժառանգության պահապաններին ողջ աշխարհում առաջարկվել է հանդես գալ մշակութային ու բնության ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով` «Համաշխարհային ժառանգություն» խորագրի ներքո` ի նշանավորումն Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի 40-րդ տարեդարձի: Համաշխարհային ժառանգության կոնվենցիան ժառանգության պահպանության բնագավառում անկախ Հայաստանի վավերացրած առաջին միջազգային փաստաթղթերից է. Հայաստանն այն վավերացրել է 1993թ. սեպտեմբերի 5-ին:

2012թ. հունվարի 30-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստավայրում պաշտոնապես տրվեց Համախարհային ժառանգության տարվա մեկնարկը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Ի. Բոկովայի եւ ջազի լեգենդ Հերբի Հանկոկի մասնակցությամբ: Քառասունամյա փաստաթուղթը համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամենից հաջողված եւ արդյունավետ ծրագրերից մեկը` ժառանգության պահպանության ոլորտում: Այն միակ միջազգային գործիքն է, որը միավորում է մշակութային եւ բնության ժառանգությունների պահպանությունը: Ի կատարումն այդ կոնվենցիայի ստեղծված Համաշխարհային ժառանգության ցուցակը, որն արդեն ընդգրկում է 153 երկրների 936 վայրեր, մինչ օրս չի դադարում համալրվել նոր հուշարձաններով ու տեսարժան վայրերով` մշակութային լանդշաֆտներ, անդրսահմանային վայրեր, ստորջրյա ու ափամերձ ժառանգություն, անտառներ, ճարտարապետական, հնագիտական եւ քաղաքաշինական հուշարձաններ եւ այլն: Հենց Համաշխարհային ժառանգության կոնվենցիան է նպաստել պատմական շատ քաղաքների ու բնակավայրերի դիմագծի անխաթար պահպանությանը` Լոնդոն, Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Անգկոր եւ այլն: Այն մեծապես նպաստել է նաեւ հնագիտական հուշարձանները տարածքների զարգացման եւ կառավարման անբաժանելի մաս ճանաչելու գործընթացին: Ավելի քան 45 զուտ հնագիտական վայրեր այսօր գրանցված են Համաշխարհային ժառանգության ցուցակում` որպես «համընդգրկուն բացառիկ արժեքներ»: Համաշխարհային համարում ունեցող շատ հնավայրերի հետ միասին այդ ցանկում է նաեւ Զվարթնոցը` Հայաստանի հանրապետությունից:

Այս համատեքստում Երեւանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում 2012թ. ապրիլի 18-ին կբացվի «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսը` ներկայացնելով համաշխարհային ժառանգություն ճանաչված 2 տասնյակ հնագիտական վայրեր: Ճանաչողականից բացի, ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հնագիտական ժառանգության նկատմամբ պատասխանատվությունը եւ մտորել Համաշխարհային ժառանգության ցուցակում հայկական հնագիտական վայրերը ներկայացված տեսնելու հեռանկարի շուրջ : Ցուցահանդեսը հասցեագրված է ինչպես ժառանգության պրոֆեսիոնալներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր գործունեություն են իրականացնում պատմամշակութային վայրերի պահպանության, վերականգնման, կառավարման եւ հանրահռչակման ոլորտներում:

Միջազգային տոնն արգելոց-թանգարանում կնշանավորվի նաեւ հասարակական նշանակություն ունեցող մեկ այլ իրադարձությամբ. շահագործման կհանձնվի թանգարանի շենքի կողային ճակատից դեպի գլխավոր ցուցասրահ տանող թեքահարթակը` նախատեսված տեղաշարժման սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց համար: Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական աջակցությամբ իրականացված այս ձեռնարկի նպատակն է հասարակության բոլոր անդամների համար ապահովել հավասար մատչելիություն դեպի մշակութային օջախներ:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2012թ. ապրիլի 18-ին, ժամը` 15:00-ին:

Տպել
Ամենաշատ