News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ պարզաբանում է Ակումբի «Խոսքի ազատության» սրահում ադրբեջանական 4 կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրման հետ կապված զարգացումները:

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հայտարարությունում, մասնավորապես ասվում է.

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» կազմակերպության ղեկավար Գեորգի Վանյանը մեկ ամիս առաջ դիմել է ակումբին, խնդրելով հնարավորություն տալ այստեղ վրացական եւ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրություն կազմակերպել, բացատրելով, որ իրեն մերժել են այդ անել այլ տեղերում եւ այդ ֆիլմերի մասին քննարկումների կազմակերպման տարածքի հայթայթման դժվարություններ ունի:

Հաշվի առնելով, որ արտահայտման ազատության պաշտպանության սկզբունքը ակումբի հիմնարար սկզբունքն է, իր գործունեության 12 տարիների ընթացքում ակումբը ասուլիսների, ցուցադրումների, շնորհանդեսների, քննարկումների եւ ուսուցումների համար մոտ 1200 անգամ հատկացրել է անհատներին եւ կազմակերպություններին` անվճար, եւ այդ արել է առանց գրաքննության, ակումբը այս դեպքում էլ է համաձայնել ցուցադրումների եւ քննարկումների համար տարածք տրամադրել կազմակերպչին: 

Ակումբը չի կազմակերպել այդ ցուցադրությունը կամ փառատոնը, ինչպես կոչում է այն կազմակերպիչը, չի ստանձնել ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումների քարոզչությունը կամ գովազդը:

Մարտի 28-ին, վրացական ֆիլմերից առաջինի ցուցադրումից կես ժամ առաջ ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանին է զանգել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը եւ հետաքրքրվել, թե ինչ ֆիլմ է  ցուցադրվելու, բացատրվել է, ապա հորդորել է «մեր հեղինակության մասին» մտածել: Պատասխան է ստացել, որ իշխանության հեղինակության մասին պիտի իշխանությունը մտածի: Ապա մարզպետը հորդորել է «ձեր հեղինակության մասին մտածել», Լ.Բարսեղյանը հարցրել է, թե այդ երբվանի՞ց է իշխանությունը մտահոգվում իր եւ ակումբի հեղինակության մասին:

Ապրիլի 10-ին` ժամը 11-ին Լ.Բարսեղյանին է զանգել Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, եւ ճշտել` ինչ եւ որտեղ է ցուցադրվելու: Ապա նորից է զանգել կես ժամ անց եւ սկսել բացատրել, որ մեզ վայել չէ այդ ֆիլմերի ցուցադրությունը, հորդորել է դրանք չցուցադրել ակումբում: Մշակույթի մասնագետը մերժում ստանալուց հետո, սկսել է սպառնալ, որ Լ.Բարսեղյանին «դավաճան» են անվանելու, վարկաբեկելու են, գալու են լցվելու ակումբ, վնաս են տալու ակումբին: Լ.Բարսեղյանը բացատրել է, որ ակումբն ու ինքը սովոր են իշխանությունների եւ այլոց հալածանքներին եւ պատրաստ են դիմագրավել բոլոր հարձակումներին:

Ապրիլի 11-ին ժամը 13:40-14:20 Գյումրիի քաղաքապետարանի շենքի դիմաց անցկացվել է հանրահավաք, որին մասնակցել են ազատամարտիկներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, քաղաքապետարանի աշխատակիցները, ԱԺ պատգամավորության թեկնածու Արման Սահակյանը եւ իր գրասենյակի աշխատակիցները, մանկավարժներ, դպրոցների տնօրեններ եւ միջին ու բարձր դասարանների աշակերտներ: Հնչել են վիրավորական արտահայտություններ կազմակերպչի եւ «Ասպարեզ» ակումբի հասցեին:

Անցած 3 օրերի ընթացքում ակումբ եւ խորհրդի նախագահին են զանգահարել առայժմ անհայտ անձինք, ովքեր սպառնացել են ֆիլմերի ցուցադրման դեպքում «ամեն ձեւ» վնասել ակումբին, հնչել նաեւ անձնական բնույթի սպառնալիքներ` ուղղված ակումբի աշխատակիցների եւ ֆիլմերի դիտմանը մասնակցածներին ու նրանց ընտանիքներին:

Ակումբի գրասենյակի դիմաց ապրիլի 12-ին առավոտյան ժամ 10:30-ից պիկետ են սկսել ՀՅԴ ներկայացուցիչները, ապա նրանց են միացել մոտ 200 ցուցարար, այդ թվում դպրոցահասակ երեխաներ, բողոքելով ցուցադրումների դեմ, որ նախատեսված էին ժամը 15-ին: Ժամը 10:50-ին շքամուտքի մոտ քաշքշուկ տեղի ունեցավ Գեորգի Վանյանի հետ: Ժամը 11:30-ին մոտ 30 ցուցարարներ, այդ թվում ՀՀԿ, ՀՅԴ անդամներ, Շիրակի մարզպետարանի կրթության եւ լրատվության բաժնի աշխատակից Ս.Գրիգորյանը, քաղաքապետարանի մշ. բաժնի պետը, ազատամարտիկներ մտան ակումբ ֆիլմերի ցուցադրման հարցը քննարկելու եւ իրենց ասելիքը Գ.Վանյանին ասելու համար: Ակումբի Խոսքի ազատության սրահում 2 ելույթից հետո ծայր առավ գոռում-գոչյուն եւ քաշքշուկ, որի ժամանակ խառը իրադրության մեջ 2 անգամ հարվածեցին Գ.Վանյանին: Ոստիկաններին եւ մյուսներին հաջողվեց հանդարտեցնել իրադրությունը, առանձնացնելով Վանյանին հարեւան սենյակում: Ցուցարարների տարբեր խմբեր, այդ թվում եւ ոստիկանները, ի դեմս մարզային վարչության պետ Կ.Բաբակեխյանի, մի քանի անգամ մտնելով Վանյանի սենյակ, բանակցում էին նրա հետ, հորդորելով կամ պահանջելով հեռանալ քաղաքից: Կ.Բաբակեխյանը Գ.Վանյանին բացատրեց, որ ցուցարարների թիվն ավելանում է եւ հետզհետե զայրացած ցուցարարները կարող են դուրս գալ իրենց վերահսկողությունից, իսկ հետեւանքները անկանխատեսելի են:

«Ասպարեզ» ակումբի էներգասնուցումը անջատվեց ժամը 12:10-ին, վերականգնվեց միայն 17:10-ին, խափանելով ակումբի, թերթի խմբագրության, հեռուստաարտադրական ստուդիայի եւ հարակից տպագրատան աշխատանքները:

Ժամը 13:20-ին Գ.Վանյանը լրագրողների առաջ հանդես եկավ հայտարարությամբ, ասելով, որ հաշվի առնելով մարդկանց անվտանգության ռիսկերը, ինքը որոշել է ֆիլմերը չցուցադրել:

Գեորգի Վանյանին եւ իր գործընկերներին ոստիկանները տեղավորեցին ակումբի բակ բերված ոստիկանական ավտոմեքենայի մեջ, ապա մեկ այլ ոստիկանական ավտոմեքենայի ուղեկցությամբ ճանապարհեցին:

Ավելի ուշ` ժամը 18-ին ակումբի ստացած տեղեկությունների համաձայն, ադրբեջանական ֆիլմերի նախատեսված ցուցադրությունը տեղի է ունեցել Գյումրի-Երեւան ավտոճանապարհի Արթիկի տարածաշրջանին հարող մի ռեստորանում, Երեւանից Գյումրի ուղեւորված եւ այդտեղ Գ.Վանյանին դիմավորած հանդիսատեսների համար: Ցուցադրությանը ոչ ոք եւ ոչինչ չի խոչընդոտել:

Վերլուծելով ամբողջ տեղի ունեցածը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը հայտարարում է.

1. Ակումբը դատապարտում է տեղի ունեցած բռնությունները եւ վայրենի վերաբերմունքը Գեորգի Վանյանի նկատմամբ, համարում է այդ վարքը գյումրեցուն անվայել: Անվայել է նաեւ 30 հոգով ֆիզիկապես մեկի վրա հարձակվելու հանգամանքը: Իրեն ազատամարտիկ համարող մարդը չէր կարող իրեն թույլ տալ սեփական ճշմարտությունը ապացուցելու համար բանավեճի ժամանակ հարվածել մարդուն, այն էլ թիկունքից: 

2. Ակումբը դատապարտում է քաղաքական կամ այլ շահագրգռություններով ուսումնառության տապալումն ու երեխաների օգտագործումը այսօրինակ ակցիաներում:

3. Այն լուրերը, թե ապրիլի 12-ի պիկետի ժամանակ ակումբի ելումուտը կառավարել են ցուցարարները եւ նրանք են լրագրողներին թույլ տվել ներսուդուրս անել, սուտ է, ակումբի դռանը կողպեք կախելու մասին որոշ ցուցարարների հայտարարությունները հանդուգն հիմարությունների շարքից են. ակումբի դռանը կողպեք կախողը չի ծնվել: Այն լուրերը, թե ակումբը կամ ակումբի անունից լիազորված որեւէ մեկը դիմում կամ բողոք է հղել միջազգային ատյաններին, ԵԱՀԿ-ԺՀՄԻԳ գրասենյակին կամ միջազգային դիտորդներին, նույնպես սուտ են: 

4. Ադրբեջանական ֆիլմերի ցուցադրության հնարավորության ընձեռումը կազմակերպիչ Գեորգի Վանյանին հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կամ դրվագների մասին նրա տեսակետներին համաձայնության իմաստ չի կրում:

5. Ֆիլմերի ցուցադրմանը դեմ արտահայտվողների կարծիքները զարմանալիորեն համընկան Ադրբեջանի իշխանությունների` այդ կապակցությամբ արտահայտված դժգոհությանը, իսկ Հայաստանի իշխանությունները լուռ մնացին:

6. Ոչ ոք իրավունք չունի սահմանել այլոց հետաքրքրությունները: Ակումբը կոչ է անում հարգել բոլոր նրանց իրավունքները, ովքեր հնարավոր է հետաքրքրված են այս եւ այլ ֆիլմերի դիտումներով:

7. Հասարակության մի մեծ խմբի դժգոհությունը հարուցած ցուցադրության բռնություններով խափանման եղած միջադեպը հղի է այնպիսի հետեւանքներով, որոնց մասշտաբներն ու թողնելիք հետքերը դժվար է կանխատեսել ամբողջությամբ:

8. Գյումրեցիներին թասիբի եւ արժանապատվության հուշումներով բռնությունների մղած բոլոր շահախնդիրներին կոչ ենք անում զբաղվել գյումրեցու արժանապատվությունն իսկապես ոչնչացնող խնդիրներով. քաղաքում մնացած 6.500 անօթեւան ընտանիքների ճակատագրով, 47 տոկոսանոց աղքատության, արտագաղթի տեմպերով, 300 կմ բացարձակ ավերակ փողոցներով (փողոցների ընդհանուր երկարության 90 տոկոսից ավելին), 1000-5000 դրամ ընտրակաշառքի հերթագրված տասնյակ հազարավորներով, մշակութային արժեքների իրական պաշտպանությամբ եւ այլն: Ֆիլմերի ցուցադրում-չցուցադրումը որպես իրական խնդիր չկա Գյումրվա եւ Հայաստանի առաջնահերթությունների անգամ առաջին հարյուրյակում:

9. Ակումբը չի կիսում բոլոր նրանց մտահոգություններն առ այն, թե ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վտանգում է  ազգային անվտանգությունը, որովհետեւ չկա այդ հավաստող որեւէ գիտական ապացույց կամ հետազոտություն, չկա նաեւ օրենքով սահմանված որեւէ արգելք:

10. Ակումբը չի կիսում բոլոր նրանց մտահոգություններն առ այն, թե ադրբեջանական ֆիլմերի ցուցադրությունը Հայաստանում վիրավորում է մեր ազգային արժանապատվությունը, որովհետեւ այդ դեպքում անհասկանալի են մնում նույն բողոքավորների ծայրահեղ հանդուրժողությունը ՀՀ եւ Թուրքիո նախագահների ողջագուրանքներին, ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումներին ու համատեղ ճաշերին, Բաքվում «Եվրանեստի» հանձնաժողովի նիստում մեր հասցեին հնչող անհեթեթություններին հայաստանյան պատգամավորների ունկնդրումներին, երկու երկրների մարզիկների փոխադարձ շփումներին ու անգամ` մերոնց պարտություններին, մշակութային գործիչների շփումներին, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնում թուրքական եւ ադրբեջանական ֆիլմերի ցուցադրումներին եւ պարգեւատրումներին:

11. Այս ցուցադրությունների դեմ բողոքողները դիտավորյալ իրենց թիրախ են ընտրել ոչ թե նախաձեռնության հեղինակին եւ կազմակերպչին, այլ` քաղաքական մանր շահախնդրություններից ելնելով` ակումբը. Ակումբը չունի քաղաքական կողմնորոշում, ակումբի բոլոր աշխատակիցներն ունեն իրենց հայացքներն ու տեսակետները, իսկ Ակումբի խորհրդի նախագահն ու մի քանի աշխատակիցներ մշտապես հրապարակել են իրենց կարծիքները հայաստանյան հասարակական, քաղաքական, մշակութային զարգացումների եւ Մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի մասին, նրանք հիմնականում քննադատել են իշխանություններին:

12. Այս հայտարարության տարածման դրությամբ Ակումբին որեւէ նյութական վնաս չի հասցվել պիկետի կամ այս ցուցադրումների հետ կապված իրադարձությունների մասնակիցների կողմից: Ակումբը մարդկանց սպանելու եւ վառելու հրապարակային հայտարարությունների մասին (ՀՀ Քր. Օր. 137) իրազեկել է ՀՀ Ոստիկանությանը եւ դատախազությանը: Ակումբի խորհրդի նախագահի հասցեին հղված վիրավորանքների եւ զրպարտության մասին համապատասխան հայցեր կհղվեն դատարան մինչեւ 2012 թվի մայիսի 10-ը»:

Տպել
Ամենաշատ