News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լիբանանում եւ Վրաստանում այս օրերին տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 22-ի երեկոյան Հայոց ցեղասպանության Լիբանանի երիտասարդական կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հսկումի երեկո» Բիքֆայայի Նահատակաց հուշարձանի առջեւ: Միջոցառմանը մասնակցել են Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորներ, Լիբանանում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմը, հայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները, հայ հարանվանությունների հոգեւոր առաջնորդները, հասարակական, հայրենակցական եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Պաշտոնական ելույթներից հետո ցուցադրվել է ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, ներկաների ուշադրությանն է ներկայացվել հարուստ գեղարվեստական ծրագիր երգչախմբերի եւ պարախմբերի կատարմամբ:  

Լիբանանի օգնության խաչի (ԼՕԽ) շրջանային վարչության կազմակերպությամբ եւ  Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հովանավորությամբ տեղի է ունեցել այցելություն Այանթուրայի նախկին որբանոց, որտեղ 2010թ. կանգնեցվել է հուշակոթող-խաչքար` նվիրված 1915թ. Եղեռնից փրկված եւ որբանոցում մահացած  հայ որբերի հիշատակին: Կատարվել է հոգեհանգստյան արարողություն:

«Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահի վարչությունը կազմակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն:

Ապրիլի 20-ին ՀՅԴ ԼԵՄ-ի «Շահեն Մեղրյան» մասնաճյուղի քարոզչական հանձնախումբը Զալքայի Հայ կաթողիկե «Սուրբ Խաչ» եկեղեցու սրահում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակի ոգեկոչման երեկո:

Նույն օրը Հայ կաթողիկե Մեսրոպյան բարձրագույն վարժարանը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված «Ճանաչումից հատուցում – հետեւողական, կազմակերպված եւ հավաքական կամքով» աշակերտական ոգեկոչման երեկո: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել Ծիծեռնակաբերդի հուշակոթողի մանրակերտի բացումը:

Ապրիլի 21-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի նախաձեռնությամբ Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանական եկեղեցիների միությունը կազմակերպել էր երաժշտական երեկո: Ելույթ է ունեցել Աթենքի ակադեմիայի «Eleni Myconiou» մրցանակակիր, դաշնակահար Քրիսթին Թոքաթլյանը:

Ապրիլի 21-ի երեկոյան ՀԲԸՄ-ի Կրթական հանձնախմբի հովանավորությամբ ՀԲԸ Միության վարժարանների աշակերտները ներկայացրել են «Փյունիկի Սլացք» համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչման 97-ամյակին:

Այս օրերին Թբիլիսիում մեկնարկել է Հայոց մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը:

Ապրիլի 21-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում տեղի է ունեցել դասական երաժշտության երեկոն, որի ընթացքում կատարումներով հանդես են եկել Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնի Ներսես Շնորհալի երգչախումբը:

Համերգի ընթացքում հնչել են Կոմիտասի, Երանյանի, Բախի, Շուբերտի, Պերգոլեզի, Կաչինինի դասական ստեղծագործությունները:

Հայոց Մեծ Եղեռնի 97-րդ տարելիցին էր նվիրված երիտասարդ երգահան Հովհաննես Համբարձումյանի «Պատարագի» պրեմիերան, որը կատարվել է Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան երաժշտանոցի ուսանողների նվագակցությամբ:

Երեկոյի ավարտին իր օրհնության ու գնահատանքի խոսքով հանդես է եկել Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ