News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը քարոզարշավ է անցկացնում եղած համեստ միջոցներով: Այս մասին, այսօր` ապրիլի 23-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նրա խոսքով, կուսակցության ղեկավարությունն արդեն եղել է մարզերի մեծ մասում, որտեղ նրանց շատ ջերմ են ընդունել, քանի որ մարդիկ դեռ չեն մոռացել սոցիալիզմի ձեռքբերումները:

Թովմասյանն ընդգծել է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս քաղաքական ուժերը միայն ոսկե սարեր են խոստանում, իսկ Կոմկուսը նշում է աշխատավորների սոցիալական վիճակը բարելավելու միակ ուղին տնտեսության ռազմավարական կարեւոր ոլորտները ամբողջովին պետական վերահսկողության ներքո վերադարձնելն է:

«Արդեն 22 տարի նույն դեմքերը խոստումներ են տալիս, սակայն ժողովրդի սոցիալական վիճակը չի լավանում»,-նշել է նա, հավելելով, որ ստեղծված վիճակում ամենից շատ տուժում է երիտասարդությունը, որը բավարար կրթություն չի ստանում, կամ էլ վճարում է աստղաբաշխական գումարներ, իսկ ուսումից հետո աշխատանք չի կարողանում գտնել:

Նախօրեին կոմունիստները նշել են համաշխարհային պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի ծննդյան օրը: Միջոցառումը տեղի է ունեցել Վայոց ձորի մարզի Արին գյուղում, որտեղ պահպանվել է Հայաստանում Լենինի 2 արձաններից մեկը:

Այսօր կոմունիստները հանդիպումներ են ունեցել նաեւ Արագածոտնի մարզի Աշտարակ եւ Թալին քաղաքներում:

Ապրիլի 24-ին կոմունիստները քարոզարշավ չեն իրականացնելու: Նրանք իրենց համակիրների հետ այցելելու են Հայոց ցեղասպանության հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ