News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է «The Jerusalem Post»-ում հրապարակված Օքսֆորդի համալսարանի ասպիրանտ, Հարութ Գարի Սեմերջյանի հոդվածը որոշ կրճատումներով.

Հայոց ցեղասպանությունից ութ տարի անց`1923թ-ին ժամանակակից Թուրքիայի Հանրապետության հռչակումից հետո, այդ երկիրը հաճախ է իր պատմության վերաբերյալ տարաձայնություններ ունենում արեւմտյան պետությունների հետ: Շատերը, հնարավոր է, տարակուսեն, թե ինչու հարյուր տարի առաջ կատարված իրադարձությունները պետք է ազդեն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի տարբեր երկրների հետ հարաբերությունների վրա: Պատասխանը պատմության ակունքներում է թաքնված:

1915թ. մի ողջ քաղաքակրթություն արամատախիլ արվեց իր հնագույն հայրենիքից եւ բացահայտորեն ոչնչացվեց: Հայերի նյութական եւ մշակութային կորուստները եւս հսկայական էին`ոչնչացվեց  մոտ 3000 եկեղեցի: Նշվում է, որ երկու միլիոն հայերից մեկուկես միլիոնն սպանվեց, իսկ մնացած կես միլիոնը ցրվեց գրեթե բոլոր մայրցամաքներով, ինչի արդյունքում էլ ձեւավորվեց մեծ եւ դինամիկ հայկական սփյուռքը:

Հենց այստեղ էլ ծավալվում է գոլոբալ ուժային քաղաքականությունը: Որպես ցեղասպանության վերապրածենրի ժառանգներ` ողջ աշխարհի հայերը տարիների ընթացքում հզոր ազգային ինքնագիտակացություն են ձեւավորել:  Սառը պատերազմի ավարտից եւ անկախ  Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո վերջին երկու տասնամյակում մենք ականատես դարձանք Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային արշավի վերականգնմանը` թուրքական մշտական ժխտողականության լույսի ներքո:

Հայ փախստականներին եւ նրանց սերունդներին, ովքեր հիասթափված էին Հայոց ցեղասպանության հարցում արդարության բացակայությունից,  հաճախ էր հաջողվում միջազգային լիդերների մոտ բարձրացնել հարցը եւ այն ներառել աշխարհի խորհրդարանների եւ ԱՄՆ կոնգրեսի օրակարգերում: Հենց հայկական սփյուռքից է այդպես վախենում թուրքական կառավարությունը, որը, ցավոք, չի հասկանում եւ չի ընդունում իրողությունները:

Այսօրվա դրությամբ  ավելի քան 20 երկիր եւ ԱՄՆ 43 նահանգ պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը` հաճախ շատ թանկ գնով եւ  ծանր քաղաքական մարտերից հետո:

ԱՄՆ-ում հզոր հայկական լոբբիստական խմբերը կարողանում են ազդել Կոնգրեսի անդամների վրա` հայամետ օրինագծեր անցկացնելու եւ Հայաստանի համար ամեն տարի օտարերկրյա օգնության մեծ ծավալ ապահովելու առումով: Չնայած մի շարք հարցերում հաջողությանը, Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը մինչ օրս ընդունված չէ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից. դա մշտապես ձախողվում է Թուրքիայի կողմից Սպիտակ տան վրա ճնշման եւ իր տարածքում ամերիկյան ռազմաբազան փակելու սպառնալիքի պատճառով:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թեեւ սենատոր եղած ժամանակ  Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ջատագովներից էր, սակայն նախագահ դառնալուց հետո չկատարեց Հայեց ցեղասպանությունը ճանչելու իր խոստումը:

Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի մոտենալուն հետ Թուրքիան ավելի շատ է մեկուսանում այդ հարցում եւ ավելի է մեծանում միջազգային հանրության ճնշումը` նախնիների ոճրագործությունն ընդունելու պահանջով:

Տասնամյակների ընթացքում նրա ժխտողականության քաղաքականությունը ամբողջությամբ տապալվել է: Թուրքիան երկար ժամանակ հույսը դրել էր իր ռազմական հզորության եւ աշխարհաքաղաքական իրավիճակի վրա` այդ եւ այլ հարցերում  իր գիծը տանելու համար: Եթե նրա ղեկավարությունը ցանկանում է լուրջ առաջընթաց երկրի ժողովրդավարացման եւ «եվրոպականացման» գործընթացների հարցում,  ապա պետք է մտածի խաղաղության  եւ հարեւանների հետ հաշտեցման ուղղությամբ` սկսելով սեփական պատմությունն ընդունելուց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ