XX դարասկզբին Օսմանյան Թուրքիայում ծրագրված կերպով ոչնչացրին հայերին, հույներին եւ ասորիներին: Դա ցեղասպանություն էր: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ավստրալիայի ասորիների ազգային ֆեդերացիայի նախագահ Դեւիդ Մ. Դեւիդը, որի ղեկավարած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
«Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի վշտակցենք հայ ժողովրդին եւ հարգանքի տուրք մատուցենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Մենք` ասորիներս, 1915 թվականին ունեցել ենք 750 000 զոհ: Մեր ժողովուրդը եւս գիտի, թե ինչ է ցեղասպանությունը: Այդ հանցագործությունը կատարած Օսմանյան կայսրության իրավահաջորդը` Թուրքիան, պետք է նայի պատմության աչքերին եւ ճանաչի ցեղասպանությունը, որն իրագործել է Օսմանյան կայսրությունը երեք ժողովուրդների նկատմամբ», - հայտարարել է Դեւիդը:
Ըստ նրա` Ավստրալիայի ասորիները սերտ համագործակցում են այդ երկրում Հայ ազգային կոմիտեի հետ, որպեսզի համատեղ ջանքերով հասնեն դաշնային ճանաչման: «Մեզ այրել են, մորթել, խեղդել: Հարյուր-հազարավոր ասորիներ, միլիոնավոր հայեր սպանվել են առանց պատճառի: Հայերի եւ ասորիների ցեղասպանությունը չի շրջանցել ոչ մի ընտանիք, այդ երկու ժողովուրդների ոչ մի ներկայացուցչի: Այդ պատճառով էլ այսօր մենք չենք կարող ձեռքներս ծալած նստել, քանի դեռ Թուրքիան ամեն ինչ ժխտում է», - ընդգծել է նա:
Ինչպես նշել է Ավստրալիայի ասորիների Ազգային ֆեդերացիայի նախագահը, այսօր հայերն ու ասորիներն ընդհանուր նպատակ ունեն:
«Մենք ձգտում ենք միեւնույն բանին, մենք ընդհանուր նպատակներ ունենք: Մենք պետք է միավորենք երկու ձայն, որոնք խոսում են նույն բանի մասին: Ավստրալիայի ասորիները պատրաստ են թիկունք լինել եղբայր հայերին», - ամփոփել է նա: