News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը


Ողջ աշխարհը գիտի, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն է եղել, ականատեսներ կան, ամեն բան կա: Այս մասին, ըստ «Պրավդա» թերթի, այսօր` ապրիլի 24-ին, Մոսկվայում Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հանրահավաքում հայտարարել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին:

«Կարելի է նախապատրաստել եւ հասնել փոխհատուցման մասին ինչ-որ իրավական փաստաթղթերի ընդունման: Մարդկանց հետ չես բերի, բայց Թուրքիայից որոշակի տարածքային կամ դրամական փոխհատուցման կարելի է հասնել, քանի որ ողջ աշխարհը գիտի, որ դա եղել է, վկաներ կան: Դա այնպիսի փաստ է, որ ողջ Եվրոպան հիշում է 100 տարի առաջ եղածը»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան մոտ կայացել է հայ երիտասարդների բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները պահանջել են Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը Թուրքիայի իշխանություններից:

Մի քանի տասնյակ ակտիվիստներ դեսպանատան մոտ պաստառներ եւ Հայաստանի ու Ռուսաստանի դրոշներն են պահել:

Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, պաստառների վրա գրված է եղել «Ցեղասպանությունը մարդկության դեմ հանցագործություն է», «Առանց ցեղասպանության ճանաչման Թուրքիան տեղ չունի Եվրոպայում», «Հույս չունենաք, թե կմոռանանք: Մենք ամեն ինչ հիշում ենք»: Ակցիան տեւել է մոտ մեկ ժամ: Դրանից հետո ակցիայի մասնակիցները տեղափոխվել են Կրասնոպրեսնենսկի զաստավ, որտեղ հանրահավաք է կայացել:

Նշենք, որ այսօր` ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը նշում է 1915-23 թթ Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցը: 1915 թվականի այս օրը Օսմանյան Թուրքիայի ղեկավարության հրամանով սպանվեց Ստամբուլի մտավորականությունը, այնուհետեւ տեղի ունեցան զանգվածային կոտորածներ: Երկրի ողջ հայ բնակչությունը տեղահանվեց իր բնօրրանից ու քշվեց դեպի Դեր Զորի անապատները, ճանապարհին ոչնչանալով: Ցեղասպանությանը զոհ գնաց 1,5 մլն հայ:

Հիշեցնենք նաեւ, որ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից: Առաջինը 1965 թվականին դա արել է Ուրուգվայը, որի օրինակին հետեւել են Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ 42 նահանգներ: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաեւ Վատիկանը, Եվրախորհրդարանը եւ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ