News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր չէ համաձայնագրեր կնքել ուլտրաաջերի «Ազգային ճակատ» կուսակցության հետ, թեեւ երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո իր հենց առաջին ելույթում նա մի շարք հայտարարություններ էր արել` ուղղված Մարին Լե Պենի գլխավորած կուսակցության ընտրազանգվածին:

«Ազգային ճակատի» հետ համաձայնագիր չի լինի»,- France info ռադիոկայանի եթերում հայտարարել է Սարկոզին:

Բացի այդ, Ֆրանսիայի նախագահը չի պատրաստվում իր հաղթանակի դեպքում կառավարությունում տեղեր հատկացնել «Ազգային ճակատին»:

«Մենք նախարարներ չենք ունենա «Ազգային ճակատ»-ից, սակայն ես ճիշտ չեմ համարում ընտրողներին սեւացնելու փորձերը, ովքեր առաջին փուլում քվեարկել են այդ կուսակցության թեկնածու Մարին լե Պենի օգտին, ով հավաքել էր ընտրողների 17,9 տոկոսի ձայները»,- հայտարարել է Սարկոզին, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ Սարկոզիի արված հայտարարությունները վերլուծաբաններն ընկալել էին որպես ուլտրաաջերին իր կողմը գրավելու փորձ: Նշվում է, որ Օլանդը երկրորդ փուլում կարող է ստանալ աջ ուժերի օգտիվ քվեարկած  ընտրողների ավելի քան 43 տոկոսի ձայները, այն դեպքում, երբ Սարկոզին ստիպված է հույսը դնել «Ազգային ճակատի» օգտին քվեարկած ընտրողների ձայների վրա:

Ինքը` Մարին Լե Պենը հրաժարվել է աջակցել Սարկոզիին, որին «այլեւս չի հավատում»:

Ավելի ուշ սոցիալիստ թեկնածու Ֆրանսու Օլանդը հայտարարել է, որ հույս ունի իր կողմը գրավել նաեւ «Ազգային ճակատի» ընտրազանգվածին: Նա վստահ է, որ ուլտրաաջերի թեկնածու Մարին Լե Պենի օգտիվ քվեարկած ֆրանսիացիները դրանով իրենց սոցիալական բողոքն են հայտնել գործող իշխանությունների քաղաքականությանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին կայացած ընտրություններում Սարկոզին ստացել էր ընտրողների 27,18, իսկ նրա մրցակից Օլանդը` 28,63 տոկոսի քվեն: «Ազգային ճակատ»-ի առաջնորդ Մարին Լե Պենն ստացել է 17,9 տոկոս ձայն, ինչը ռեկորդային է աջ ուղղվածության ուժի համար:

Մարին Լե Պենը հրաժարվել է աջակցել Սարկոզիին: «Ես այլեւս չեմ հավատում Սարկոզիի անկեղծությանը»,-հայտարարել է նա, կոչ անելով իր կողմնակիցներին նույնպես չհավատալ գործող նախագահի հայտարարություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ