News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ծննդյան տոնին ընդառաջ խաշի մաքրման արարողության ժամանակ ընկերոջը դանակահարած վանաձորցի Մաքսիմ Պետրոսյանի դատավճիռը մնացել է անփոփոխ` 5 տարի 11 ամիս 28 օր ազատազրկում: Վերջինիս պատժի սկիզբը` 2011 թվականի մարտի 29-ից է հաշվվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեցին ՀՀ Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Հարկ է նկատել, որ ծննդյան տոնին ընդառաջ Մաքսիմ Պետրոսյանը մարտի 18-ին ցանկացել է ընկերական շրջապատում ծննդյան 72-ամյակը նշել խաշի սեղանի շուրջ: Բացի այդ, նա միշտ խաշի պատրաստությունը տեսել է անձամբ եւ խաշը մաքրելու համար օգնության է կանչել իր հասակակից ընկերոջը` Երվանդին: Վերջինս գինովցած գնացել է ընկերոջը օգնության, սակայն մինչեւ Երվանդի գնալը նրա կինը Մաքսիմին զգուշացրել է, որ ամուսինը խմած է եւ հետաքրքրվել ուղարկի՞, թե` ոչ եւ համաձայնություն ստացել:

Նա նաեւ Մաքսիմին  խնդրել է, որ մի քիչ երկար պահի իրենց տանը, քանի որ հյուրեր ունեն եւ չի ցանկանում, որ ամուսնուն գինովցած վիճակում տեսնեն:

Երբ մարտի 16-ին Երվանդը ժամը 17.00-ի սահմաններում  գնացել է Մաքսիմի տուն, վերջինս հարցրել է, թե որտեղ է «լակել ու թրեւ եկել»: Նա էլ պաշտպանվել է, ասելով, թե ինքը որքան էլ խմի, իր վրա խմածությունը չի երեւա ու վիճաբանություն է ծագել: Երվանդը վիճաբանության ընթացքում Մաքսիմին ավանակ է ասել, ինչին էլ հաջորդել է  դանակահարությունը:

Մաքսիմը, երբ հասկացել է, թե ինչ է արել, շտապօգնություն է կանչել, հետո պատճառաբանել, թե  դանակ բռնած ձեռքով Երվանդին ցանկանում էր հրել եւ պատահաբար է այդպես ստացվել:

Երվանդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է, իսկ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ` տուժածի մահվան պատճառը հեմոռագիկ, տրավմատիկ շոկն է, որն առաջացել է կրծքավանդակի առաջնային մակերեսից կրծքավանդակ եւ որովայն թափանցող վնասվածքի հետեւանքով: Ըստ մասնագիտական եզրակացության` վնասվածքը հասցվել է հարվածային ուժի շեշտակի ներգործությամբ:

Արդյունքում իր ծննդյան 72-ամյակը Մաքսիմն անցկացրել է մեկուսարանում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել նրա մեղքը եւ 2011 թվականի դեկտեմբերի 14-ի դատավճռով դատապարտել 6 տարի ազատազրկման: Այս ժամկետից հանվել է  նախնական կալանքի տակ գտնվելու 2 օրը եւ որպես վերջնական պատժաժամկետ սահմանվել 5 տարի 11 ամիս 28 օրը:Ամեն դեպքում պաշտպանը բողոքով է հանդես եկել եւ վերաքննիչ քրեական դատարանը քննելով պաշտպանի բողոքը եզրակացրել է, որ Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավորված, այն փոփոխելու, արարքը վերաորակելու հիմքեր չկան:

 

Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ