News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մամուլում հրապարակումներ են եղել, որոնցում թիվ 6 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու ԲՀԿ ներկայացուցիչ Վահան Կարապետյանը ՀՀԿ թեկնածու Ռուբեն Հովսեփյանի (գլխավոր դատախազի եղբայրն է) մասին մեղադրական արտահայտություններ էր հնչեցրել, ասելով որ Աջափնյակում իրավիճակը ծայրահեղ լարված է: Ռուբեն Հովսեփյանն այսօր անդրադարձել է պատգամավորի թեկնածուի հայտարարությանը:

«Ինձ համար ակնհայտ է, թե ինչու է Վահանիկը նման հայտարարություններ ու կանխատեսումներ անում, մնում է, որ ինքը դա գիտակցի: Իսկ մեր հանրության համար ասեմ, որ լինելով Աջափնյակ համայնքի ղեկավար, 6 տարի ձգտել եմ, որ համայնքում մթնոլորտը խաղաղ ու հանգիստ լինի: Շատերն են տեսել՝ ապրել եմ բնակիչների հոգսերով, շատ բան արել, որ մեկի մատը փուշ չմտնի եւ այդ ամենն առանց թմբկահարելու: Էլ ուր մնաց թե այսօր հանդուրժեմ, որ որոշ մարդիկ իրենց կեղտոտ քաղաքական խաղերի համար փորձեն արհեստական լարվածություն ստեղծել եւ արյան կոչեր հնչեցնեն Աջափնյակում: Ես արդեն որոշակի մտավախություն ունեմ, որ այս կերպ թեկնածուն փորձում է կանխավ ապահովագրել իր կողմից ձեռնարկվելիք ինչ-ինչ գործողությունները, դրանք փորձելով օր առաջ վերագրել մեզ: Եթե ինքս զգամ որեւէ լարվածություն, առաջինը կփորձեմ չեզոքացնել այն: Մեզ համար կարեւորը մեր բնակիչների ազատ ընտրելու հնարավորության ապահովումն է եւ ազնիվ մրցակցության պահպանումը: Բարոյական, պարկեշտ մարդը բարոյական է մնում ինչպես կյանքի տարբեր իրավիճակներում, այնպես էլ քաղաքականության  մեջ: Հասկանում եմ, թե որոշ թեկնածուների խուճապը որտեղից է գալիս: Մենք հանգիստ, քաղաքակիրթ եղանակով մեր քարոզարշավն ենք իրականացնում: Ամեն օր բազմաթիվ հանդիպումներ ենք ունենում մեր բնակիչների հետ, որոնցից շատերին անձամբ եմ ճանաչում: Ինչպես արդեն ասացի, 6 տարի եղել եմ վարչական շրջանի ղեկավար եւ շատ լավ գիտեմ բոլորին. թե նրանց խնդիրներն ու դժգոհությունները, թե գոհունակությունը կատարված աշխատանքից: Իսկ եթե  ոմանց  աշխատանքը  ընտրողների հետ չի  ստացվում  եւ  մնացել են սեւ քարոզչության հույսին, դա իրենց խնդիրն է:  Կյանքը շարունակվելու  է նաեւ մայիսի 6-ից հետո:

Մեր ընտրողներն ապրում են սովորական  առօրյա կյանքով: Այդ ոմանք են իրենց երազներում  ահաբեկումներ ու խառնաշփոթ տեսնում, որն ապացուցում է, որ ոչ թե Ռուբեն Հովսեփյանի, այլ՝ իրենց գործերն են տխուր: Մամուլում արդեն բազմիցս է գրվել, թե իրականում այդ որ ուժերն են, որ իրենց քարոզչությունը կառուցում են տարբեր թաղային հեղինակությունների միջոցով եւ ինչպես ավելի վաղ ասել եմ, «գողն ավելի բարձր է գոռում՝ բռնեք գողին»: Իրականում իրենք մեր աչալրջության պատճառով չեն կարողանում իրենց կեղտոտ տեխնոլոգիաները մինչեւ վերջ կիրառել, ուստի մնացել են պարզունակ շանտաժի հույսին, չգիտակցելով, որ կենսագրությամբ  ու կատարած աշխատանքով  միայն կարող են ստանալ  ընտրողի վստահության քվեն եւ ոչ թե այլ թեկնածուներին զրպարտելու  ու վարկաբեկելու ճանապարհով: Միեւնույն է, զրպարտողներն այնքան փոքր ու չկայացած մարդիկ են, որ անգամ նրանց այդ զազրախոսությունները ոչ միայն չեն կարող որեւէ նշանակություն ու ազդեցություն ունենալ, այլ՝ ուղիղ հակառակը, իրենց սուր արձագանքն են գտել համայնքում ու հարուցել աջափնյակցիների դժգոհությունը: Համայնքը զորավոր է եւ կասի իր խոսքը մայիսի 6-ին»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ