News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միասնական նախընտրական շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը թերթի հետ զրույցում, անդրադառնալով ընտրական հանձնաժողովներում ստեղծված վիճակին եւ «Ժառանգության» անդամներ նշանակելու, տեղեր փոխանակելու կամ զիջելու խնդրին, ասաց, թե  իրավիճակն ի սկզբանե այնքան դրամատիկ չի եղել, որքան լրատվամիջոցները փորձում էին ներկայացնել: «

Ես չգիտեմ՝ հրապարակված 50 (ընտրական տեղամասերի մասին է խոսքը) թիվը մարդիկ որտեղի՞ց էին վերցրել: Դա, իմ գնահատմամբ, ուղղակի «Ժառանգության» դեմ սեւ PR-ի նպատակ էր հետապնդում: Իրականում այն ընտրատեղամասերը, որտեղ «Ժառանգությունը» տեխնիկական պատճառներով չէր կարողացել նշանակումներ անել՝ այդքան մեծ թիվ չեն կազմում, ինչպես ներակայացվում էր»,- ասաց Խուրշուդյանն ու մասնավորեցրեց, թե բաց թողնված տեղամասեր տարբեր ընտրատարածքների մի քանի ՏԸՀ-ներում կան, որտեղ, համաձայն գործող օրենքի, նշանակումներ են արել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահները, «որոնք որպես կանոն հանրապետական են, թեեւ կան նաեւ ԲՀԿ-ի ներկայացուցիչներ, բայց դա մենք հատուկ ուսումնասիրության առարկա չենք դարձրել»:

Թերթի տեղեկություններով, ինչը նաեւ «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էր հաստատել, այս կուսակցությունը առանձին ընտրատարածքներում տեղամասային ընտրական հանձնաժողովի իր քվոտաներով նշանակել էր ընդդիմադիր այլ կուսակցությունների ներկայացուցիչների: Խուրշուդյանի ասելով, նման ՏԸՀ-ներ կան մասնավորապես Հրազդանում, որտեղ «Ժառանգության» քվոտաներով լիցենզավորվել ու նշանակվել են  Սասուն Միքայելյանի մատնանշած անձինք: Խոսքը, մեր տեղեկություններով,  մոտավորապես 40 ընտրատեղամասերի մասին է, նաեւ մեծապես՝ Արարատի մարզում ու մասնավորապես  Թալինում եւ Մասիսում՝ 10-15 տեղ, որտեղ «Ժառանգության» քվոտաներով լիցենզիա են ստացել ու հանձնաժողովներում ընդգրկվել են ՀԱԿ-ին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության ներկայացրած անձինք:

«Ժառանգության» ներկայացուցչի ասելով, կուսակցությունը ՏԸՀ-ներում իրեն հատկացված տեղերը համալրել է նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով: «Իսկ այդ բաց թողնված տեղամասերն ընդամենը մի քանիսն են, որոնք մատների վրա կարելի է հաշվել. դրանք նույնիսկ տասը չեն անցնում»,- հավաստիացրեց  Հովսեփ Խուրշուդյանն ու ի հավելումն մեր հարցի, ասաց, թե այս պահի դրությամբ ՀՀ տարածքում գործող մոտ 2000 ընտրական տեղամասերի գերակշիռ հատվածում, բացի մատնանշված մի քանի տեղամասերից, «Ժառանգությունն» արդեն նշանակումներն արել է:

Տեղեկություններ են շրջանառվում նաեւ, թե նույն Մասիս քաղաքի ընտրական տեղամասերում «Ժառանգության» քվոտայով նշանակվել են ԲՀԿ-ն ներկայացնող հանձնաժողովականներ: Խուրշուդյանը հերքեց նաեւ այդ տեղեկությունը: «Նման բան չկա: Ես էլի եմ ասում՝ մենք այնտեղ նշանակել ենք մեր մարդկանց: Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով դուրս էին մնացել գործընթացից՝ չէին անցել որակավորման փուլն ու համապատասխան լիցենզիա չէին ստացել, չեմ բացառում, որ տեղի մեր ստորաբաժանման ներկայացուցիչը, համագործակցելով ԲՀԿ-ի տեղական կառույցի հետ, նրանց քվոտաներով մարդկանց լիցենզավորած եւ նշանակած լինի: Բայց դրանք բոլորն էլ մեր՝ «Ժառանգության» ներկայացուցիչներն են»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ