News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արդեն մի քանի օր է Ռուսաստանում չի հանդարտվում սկանդալը, որի պատճառը երկրում շարիաթի դատարաններ ստեղծելու առաջարկն էր: Այդ արմատական առաջարկն անող փաստաբանը, քննադատության եւ սպառնալիքների տարափի ենթարկվելով, լրատվամիջոցների հաղորդմամբ, փախել է Ռուսաստանից:

Այն մասին, որ փաստաբան Դագիր Հասավովը փախել է Ռուսաստանից, հաղորդում են լրատվամիջոցները`հղում անելով քաղաքական ներգաղթյալների ռուսական կազմակերպությանը: Հասավովի`  «եվրոպական երկրներից մեկը» հանկարծակի մեկնելու  մասին առաջինը ապրիլի 26-ին հաղորդել է IslamNews լրատվական գործակալությունը, իսկ ապրիլի 27-ին լուրը տարածել է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քաղաքական ներգաղթյալների շրջաննակներում IslamNews գործակալությանը պատմել են, որ Հասավովը ստիպված է եղել փախչել իր հասցեին ստացած սպառնալիքներից հետո: «Դագիր Հասավովի անձի վրա կենտրոնացել են երկու տարբեր ուժեր», - հայտարարել է աղբյուրը, հայտնելով, որ 2011 թվականին փաստաբանը Ռուսաստանի Եվրոպական մասի մահմեդականների հոգեւոր վարչությունից եւ  «Ինժտրանսստրոյ» կազմակերպությունից դատարանի միջոցով 2 միլիոն դոլար է  կարողացել ստանալ ճարտարապետ Իգոր Թաժիեւի` Սոբորնայա մզկիթի նոր շենքի նախագծի հեղինակի հայցով:

Բացի դրանից, Հասավովի անձի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի անվտանգության ծառայության աշխատակիցները: Այդ դեպքից հետո Դագիր Հասավովը թաքնվել էր գաղտնի բնակարանում, հայտնում է Lenta.ru-ն:

Ապրիլի 24-ին Դագիր Հասավովը «ՌԵՆ TV» հեռուստաալիքին հայտարարել էր, որ Ռուսաստանում անհրաժեշտ է շարիաթի դատարաններ ստեղծել: Փաստաբանը նախազգուշացրել է, որ եթե դա չարվի, մահմեդականները Մոսկվան արյունով կհեղեղեն:

Հասավովի հայտարարությունը կտրուկ քննադատել են Ռուսաստանի գերագույն մուֆթի Թալգաթ Թադջութինը, Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը, այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Ավելի ուշ Հասավովը հայտարարել էր, որ իր խոսքերը սխալ են հասկացվել, սակայն ՆԳՆ-ն եւ Գլխավոր դատախազությունը նրա հարցազրույցի քննություն են նախաձեռնել` միջժողովրդական եւ կրոնական պայքարի հրահրման նկատառումով: Հասավովի ելույթում գլխավոր դատախազությունը ծայրահեղական գործունեության կոչեր է  նկատել: «ՌԵՆ TV»-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Օրջոնիկիձեին նախազգուշացում է արվել, ստուգման նյութերը փոխանցվել են ՌԴ-ի Մոսկվայի Հետաքննական հանձնաժողովին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ