News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«Ժառանգության» կենտրոնական նախընտրական շտաբում, այսօր` ապրիլի 27-ին, տեղի է ունեցել ընդունելություն` ի պատիվ Եվրոպական խորհրդարանում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխայի:

Ընդունելությանը ներկա էին ԱԺ «Ժառանգության» պատգամավորներ, կուսակցության վարչության, համամասնական ցուցակի անդամներ:

Ողջունելով Խայմե Մայոր Օրեխայի այցելությունը նախընտրական Հայաստան եւ ԵԺԿ դիտորդ անդամ «Ժառանգության» շտաբ, կուսակցության միջազգային քարտուղար եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նշել է. «Իբրեւ Հայաստանի ժողովրդավարական հեռանկարին հավատարիմ քաղաքական ուժ` «Ժառանգությունն» անցած 5 տարիներին խորհրդարանում ու նրանից դուրս պայքարել է ժողովրդավարության, մարդու իրավունքների ու արժանապատվության եւ եվրոպական արժեքների համար, որոնք կիսում ենք ԵԺԿ մեծ ընտանիքի մեր գործընկերների հետ: Մենք հավատում ենք, որ առաջիկա ընտրություններում, հավատարիմ մնալով փետրվարի 10-ին Բրյուսելում ստորագրված հուշագրի մեր հանձնառություններին, «Ժառանգությունը» կարձանագրի լուրջ հաջողություններ, եւ Հայաստանը եվրոպական կառույցներին ավելի սերտ ինտեգրելու նոր հնարավորություններ կստանա»:  

Խայմե Մայոր Օրեխան ողջունել է ներկաներին՝ իր ուրախությունը հայտնելով Հայաստան այցելության կապակցությամբ: Նա տեղեկացրել է, որ ԵԺԿ անդամ հայաստանյան երեք կուսակցությունների հետ հանդիպումների շարքը սկսում է «Ժառանգությունից»:

«Եվրոպան, որքան էլ որ այս պահին ազդված է տարատեսակ ճգնաժամերից, հատուկ արժեքների միություն է, եւ ես ուրախ եմ, որ Հայաստանը մաս է կազմում այդ ընտանիքի եւ բռնել է եվրաինտեգրման ճանապարհը: Կարեւորելով ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, խոսքի ազատության ապահովումը եւ Հայաստանի ընդհանուր ժողովրդավարացումը` ես «Ժառանգությանը» մաղթում եմ հաջողություններ մայիսի 6-ի ընտրություններում եւ ցանկանում, որ այդ ընտրություններում հաղթի Հայաստանի երիտասարդ ժողովրդավարությունը»,- ԵԺԿ-ի ուղերձը փոխանցել է Խայմե Մայոր Օրեխան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ