News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ոչինչ այնքան չի բարձրացնում ազգային ինքնավստահությունն ու պետության հզորությունը, ինչպես նավթի եւ բնական գազի պաշարների առկայությունը: Կովկասում գտնվող Ադրբեջանի Հանրապետությունը բացառություն չէ: Այս մասին ասվում է The New York Times պարբերականում Քարնեգի հիմնադրամի ավագ փորձագետ Ջուդի Դեմփսիի հրապարակված հոդվածում, որտեղ նշվում է, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթի մոտենալուն պես Ադրբեջանի իշխանությունները քրտնաջան աշխատում են Բաքվի «Բյուրեղյա դահլիճի» շինարարությունն ավարտելու ուղղությամբ, որտեղ եւ անցկացվելու է մրցույթը:

«Այս շենքը մեծ հպարտության պատճառ է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի համար, սակայն ոչ՝ մոտակայքի բնակիչների համար», - գրում է հեղինակը՝ հիշեցնելով, որ դեպի Կասպից ծով նայող այս հսկա համալիրը կառուցելու համար տեղ ազատելու նպատակով բազմաթիվ մարդիկ վտարվել են իրենց բնակարաններից, դատարան դիմածների գործերը՝ կասեցվել, իսկ իրենց բնակարաններից վտարվածներին սատարելու արշավների մասնակիցները՝ կալանքի տակ վերցվել կամ բանտարկվել:

«Կարելի էր մտածել, որ Ադրբեջանի վարչակարգը, «Եվրատեսիլ» երգի փառատոնի նախօրեին, կգործադրեր բոլոր ջանքերը՝ իր պատկերը բարելավելու համար: Սակայն այն հակառակ քայլեր է կատարում», - գրում է Դեմփսին:

«Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, հոդվածում մեջ է բերվում Բաքվում գործող «Ազգային եւ միջազգային ուսումնասիրությունների կենտրոն» կազմակերպության նախագահ Լեյլա Ալիեւայի խոսքը, որի համաձայն «նավթի վաճառքից ստացված գումարները հեշտացնում են  ընդդիմության եւ անկախ լրատվամիջոցների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի քննադատությունն անտեսելու վարչակարգի գործը»:

«Վարչակարգը շատ ինքնավստահ է»,- ասում է Լեյլա Ալիեւան:

Հոդվածի հեղինակը նշում է, որ «Human Rights Watch» կազմակերպությունը հաղորդել է վերջին մի քանի ամսվա ընթացքում լրագրողների դեմ ուղղված ճնշումների եւ բռնությունների դեպքերի ավելացման մասին: Կազմակերպության համաձայն, «ժողովրդավարության ջատագով կազմակերպությունների առաջնորդները կանոնավոր կերպով կալանավորվում եւ բանտ են նետվում: Խաղաղ ցույցերը ցրվում են, մասնակիցները՝ ձերբակալվում եւ ծեծի ենթարկվում: Բանտարկության մեջ են գտնվում նաեւ մեկ տասնյակից ավելի քաղբանտարկյալներ»:

«Վերլուծաբանների համաձայն, նախագահ Ալիեւը հույսեր ունի, որ «Եվրատեսիլ» երգի փառատոնը կնպաստի Եվրոպայում իր երկրի համբավի բարելավմանը: Նրա քննադատներն իրենց հերթին ցանկանում են, որպեսզի փառատոնը ուշադրություն գրավի Ադրբեջանում մարդու իրավունքների տեղի ունեցող բազմաթիվ խախտումների վրա», - եզրափակում է Ջուդի Դեմփսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ