News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Օրերս ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով ընդգրկված է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակում, Հ2 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խիստ քննադատության ենթարկեց կառավարության տնտեսական քաղաքականությունը, ասելով, որ ճգնաժամի ժամանակ չի խթանվել տնտեսությունը, ուշադրությունը բեւեռվել է գնաճի զսպման վրա: Այս եւ Վ. Օսկանյանի մյուս հայտարարությունների առթիվ զրուցեցինք ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի հետ:

Պարոն Գաբրիելյան, համաձա՞յն եք այն գնահատականին, որ կառավարությունը ճգնաժամի ընթացքում վարել է զսպողական քաղաքականություն:

Վարդան Օսկանյանի հայտարարությունները հիմնված են անհատական զգացողությունների եւ տպավորությունների վրա, եւ որեւէ թվային տվյալով ամրապնդված չեն:  Բյուջեի խոշորագույն ընդլայնումը տեղի է ունեցել հենց ճգնաժամային 2009 թ., երբ ունեցանք տնտեսական մեծ անկում: Պետբյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 0.7%-ից դարձրել ենք 7.7% (ի լրումն դրա, տրամադրվեցին բազմաթիվ հարկային արտոնություններ), ինչը ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականության վկայություն է: Կենտրոնական բանկը եւս մեղմացրել է դրամավարկային քաղաքականությունը` իջեցնելով տոկոսադրույքները: Սկսած 2009 թ. երկրորդ կիսամյակից, շնորհիվ այդ քաղաքականության, ունեցել ենք վարկավորման կայուն աճ: Գնաճի զսպման վերաբերյալ մեզ հասցեագրված հանդիմանությունը որեւէ կերպ թվերում չի տեղավորվում: Ընդհակառակը` ընդլայնումն այնքան մեծ էր, որ բերեց գնաճային երեւույթների, մենք 2010-11 թվականներին ունեցանք բավական բարձր գնաճ, որ որոշ ամիսներին 12-ամսյա կտրվածքով հասավ երկնիշ թվի: Դրանից հետո գնաճի դեմ չպայքարելը կլիներ անիմաստ եւ վնասակար: Ի դեպ, 2011-ին, երբ գնաճն իջավ մինչեւ 4.7%, թե՛ տնտեսությունն աճեց, թե՛ տնտեսության վարկավորման ծավալը: Դա որեւէ կերպ տնտեսության սահմանափակում չէր:

Դուք համարում եք, որ ճգնաժամի դեմ ՀՀ կառավարության ու Կենտրոնական բանկի քայլերը համարժե՞ք էին իրավիճակին:

Կառավարությունը ճգնաժամի ընթացքում վարեց  հակացիկլային քաղաքականություն, որն այլ երկրների կողմից լրջորեն ուսումնասիրվում ու փոխ է առնվում: Վերցնենք ռուսական վարկի օրինակը` Կառավարությունը որոշում էր ուղղությունները, ԿԲ-ն որոշում էր չափանիշները, առեւտրային բանկերը որոշում էին հաճախորդներին: Կառավարությունն ուղղակիորեն ֆինանսավորեց մի քանի խոշոր ձեռնարկությունների, մնացած ռեսուրսները  ուղղվեցին բանկային համակարգ: Այս մեխանիզմը հակաճգնաժամային քաղաքականությունների շարքում համարվեց լավագույններից մեկը: Ի տարբերություն ԱՄՆ-ի, որն անընդհատ փող էր լցնում տնտեսություն, որն այնուհետ ետ էր գալիս ու նստում ֆեդերալ ռեզերվային համակարգի հաշիվներին, մենք կարողացանք փողը տնտեսությունում շրջանառելի դարձնել: Արդյունքում` 2009 թ.-ից վարկավորման ծավալը էապես ավելացել է` վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 2008թ  18%-ից 2011թ. հասել է 33%-ի, որն աննախադեպ է Հայաստանի համար:

Վ. Օսկանյանի քննադատություններից մեկը վերաբերում էր նրան, որ Կառավարությունը փոխանակ պահանջարկը խթանի, տարված է առաջարկի խթանմամբ:

Երբ 2009թ 7%-ով դեֆիցիտը ՀՆԱ-ում մեծացրեցինք, ապա պահանջարկի աճն անխուսափելի էր: Սակայն պահանջարկի խթանումը տնտեսական աճի երաշխիք չէ: Երբ զուգահեռ խթանում ենք նաեւ առաջարկը, ապա արդյունքներն ավելի զգալի են: Առաջարկի խթանումը նշանակում է, որ քաղաքականությունը եղել է բազմավեկտոր, իրականում դրա համար Կառավարությանը պետք է գովել, ոչ թե քննադատել:

Վ. Օսկանյանն ասում է, որ ԿԲ պաշտոնյաներն այսօր զբաղեցնում են կառավարության բարձր պաշտոնները եւ դեռեւս չեն ձերբազատվել իրենց Կենտրոնական բանկի մտածելակերպից:

Համաշխարհային պատմության եւ հայ իրականության մեջ նման դեպքերը շատ են: Ժամանակին Արմեն Դարբինյանը ԿԲ-ից եկավ ֆինանսների նախարարություն, այնուհետ դարձավ վարչապետ, ֆինանսների նախարար Էդուրադ Սանդոյանը նույնպես ԿԲ-ից էր: Բայց ոչ ոք չի կարող Ա. Դարբինյանին մեղադրել, որ նա մոնետարիստական կրճատողական քաղաքականություն էր իրականցնում: Բազմաթիվ օրինակներ կան, երբ Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները հետո զբաղվել են  քաղաքականությամբ, ինչը տարածված է նաեւ ետխորհրդային տարածքում: Վ. Յուշչենկոն Ուկրաինայի ԿԲ ղեկավարն էր, հետո դարձավ վարչապետ, հետո` երկրի նախագահ: Արդյոք Յուշչենկոյի տնտեսական քաղաքականությունը միտված էր տնտեսությունը խեղդելուն կամ գնաճը զսպելո՞ւն:  Ղազախստանի ԿԲ նախկին եւ ներկա նախագահ Մարչենկոն եղել է փոխվարչապետ: Լեհաստանում ԿԲ ներկայիս նախագահը նախկին վարչապետ Մարեկ Բելկան է:

Դուք էլ եք ԿԲ-ից տեղափոխվել Ֆինանսների նախարարություն: Իրոք տարբերություն կա՞ ԿԲ ներկայացուցչի եւ գործադիր իշխանության ներկայացուցչի մտածելակերպում:

Կան ինստիտուցիոնալ սահմանափակումներ, որոնք շատ ավելի զորեղ են, քան այս կամ այն անհատի մտածողությունը: Չեմ կարծում, որ փողի բացակայության պարագայում իմ փոխարեն մեկ ուրիշը այս պաշտոնում շատ ավելին ծախսեր, քան ես. Կենտրոնական բանկի նախկին աշխատակցի մենթալիտետն այդ առումով խոչընդոտ չի հանդիսանում: Կամ, իմ ամենօրյա գործառույթներում եղած ծախսման անընդհատ պահանջների պարագայում ինձ համար առաջնայինը գնաճն է: Մենք ի պաշտոնե ԿԲ-ի հետ մշտապես վիճաբանող կառույց ենք, դրա համար էլ հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականությունների կոորդինացման համար աշխարհը հորինել է հատուկ մեխանիզմներ՝ խիստ պարբերական խորհրդակցություններ, խիստ կանոնակարգված տեղեկատվության փոխանակում: Մեզ մոտ այդ ամենը հստակ կարգավորված է եւ կարգավորված է վաղուց, երբ դեռ Վ. Օսկանյանը կառավարության անդամ էր: Ուստի նրա անտեղյակությունը պարզապես զարմանալի է:

Զրուցեց` Սամվել Ավագյանը

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ