News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Նախընտրական քարոզարշավը Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը լայն հնարավորություն տվեց ներկայացնել իր ծրագիրը, սակայն ինքը` քարոզարշավն առանձնացավ գրագողության առկայությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Դեմկուսի ղեկավար Արամ Գ. Սարգսյանը, նշելով նաեւ, որ լրատվամիջոցների մեծ մասը լայնորեն լուսաբանել է քարոզարշավը:

«Մարդիկ բառացի կրկնում էին մեր նախընտրական ծրագրի դրույթները եւ նույնիսկ իրենց նեղություն չէին պատճառում նախադասության մեջ փոխել բառերի տեղերը, որպեսզի գրագողությունն այդքան ակնհայտ չլինի: Արդյունքում որոշները դարձել էին ավելի ընդգծված սոցիալիստեր, քան` մենք»,-ասաց Ա. Սարգսյանը:

Ըստ Դեմկուսի առաջնորդի, քարոզարշավում բացասական գործոն էր այն, որ ոչ միայն չհաջողվեց արմատախիլ անել ընտրակաշառքը, այլեւ այդ երեւույթը լայն տարածում գտավ: «Բնակչության 50-70 տոկոսի որոշումը կախված է ընտրակաշառքից, սակայն մեզ հաջողվեց բնակչության ինքնուրույն մտածող 30 տոկոսին հասցնել մեր կարգախոսները, մեր գաղափարները»,-ասաց նա:

Նշենք, որ մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով մասնակցում է 9 քաղաքական ուժ: Դեմկուսի համամասնական ցուցակում ընդգրկված է 45 անուն: Ցուցակի առաջին եռյակում են` Արամ Գ. Սարգսյանը, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը եւ քաղաքագետ Արմեն Հովսեփյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ