News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի մամուլի ակումբը հրապարակել է Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցների կողմից խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման միջանկյալ հաշվետվությունը: Ուսումնասիրման այս փուլը ներառում է ապրիլի 18-27-ն ընկած ժամանակահատվածը:

Հիշեցնենք, որ Երեւանի մամուլի ակումբը մարտի 1-ից սկսել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մոնիթորինգ իրականացնել: Մոնիթորինգի են ենթարկվում հանրային երեք լրատվամիջոցներ` Հանրային ռադիոն, Հանրային եւ «Շողակաթ» հեռուստաընկերությունները եւ մյուս 6 մասնավոր հեռուստաընկերութունները` Հայկական երկրորդ հեռուստաընկերությունը, «Արմենիա»-ն, «Շանթ»-ը, «Կենտրոն»-ը, «Երկիր Մեդիա»-ն, «Արմնյուզ»-ը: Հետազոտման առարկա են դառնում այն նյութերը, որոնցում առկա էին անդրադարձեր այն քաղաքական կուսակցություններին եւ շարժումներին, որոնք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել:

Ըստ ներկայացվող հաշվետվության,  քաղաքական ուժերի նկատմամբ երկրորդ տասնօրյակում, ինչպես եւ քարոզարշավի առաջին տասը օրերին, առավել հետաքրքրություն է դրսեւորել «Արմնյուզը»:

Ընդ որում, այս հեռուստաալիքում կուսակցություններին/դաշինքին հատկացրած եթերաժամանակը, ինչպես եւ Հանրային ռադիոյում, ամենահամաչափն է բաշխվել: Ըստ ԵՄԱ-ի, քաղաքական ուժերին հատկացրած ուշադրության առումով, ինչպես եւ նախորդ տասնօրյակում, «Արմնյուզին» մյուսներից ավելի մոտ են «Կենտրոնը» եւ «Երկիր Մեդիան»:

«Կենտրոնում» «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) արժանացել է ընտրություններին մասնակցող բոլոր ինը քաղաքական ուժերին նրա եթերում հատկացված ընդհանուր ժամանակի ավելի քան մեկ երրորդին: «Երկիր Մեդիայում» եթերաժամանակի առումով մյուս կուսակցություններից/դաշինքից Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) առավելությունն ավելի համեստ էր:

Ըստ ԵՄԱ-ի, «Կենտրոնում» դրական 24 անդրադարձներից 23-ը բաժին է ընկել ԲՀԿ-ին: «Երկիր Մեդիայում» բոլոր 25 դրական անդրադարձները բաշխվել են երկու կուսակցությունների միջեւ. ՀՅԴ (12 եւ ոչ մի բացասական) եւ ԲՀԿ (13 եւ երկու բացասական): Միեւնույն ժամանակ, Հայաստանի հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) դրական եւ բացասական անդրադարձների հաշվեկշիռը «Կենտրոնում» կազմել է 0 եւ 9, իսկ «Երկիր Մեդիայում»`0 եւ 6:

«Ի դեպ, Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների կողմից 2012թ. խորհրդարանական ընտրությունների լուսաբանման մշտադիտարկման բոլոր ժամանակաշրջանների ընթացքում առաջին անգամ ՀՀԿ-ն հետազոտված բոլոր ալիքների նշանային բնութագրիչով անդրադարձների հանրագումարում ունի բացասական հաշվեկշիռ. 14 դրական անդրադարձ`30 բացասականի դիմաց»,-նշված է հաշվետվության մեջ:

Նախընտրական քարոզչության երկրորդ տասնօրյակում, ինչպես եւ նախորդում, արձանագրվել է ընտրարշավի հետ չկապված այն իրադարձությունների բավականին ինտենսիվ լուսաբանում, որոնցում հայտնվել են ՀՀԿ ընտրացուցակի առաջին եւ երրորդ համարները` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրանց ոչ կուսակցական գործունեության լուսաբանումն առաջվա պես միջին հաշվով 20-30%-ով ավելացնում էր ՀՀԿ եթերաժամանակը տարբեր ալիքներում: Այսպիսով, Հայաստանի բարձրագույն ղեկավարության այս երկու ներկայացուցիչների ոչ կուսակցական գործունեությանը յուրաքանչյուր ալիքի երեկոյան եթերում օրական միջին հաշվով 2-3 րոպե էր հատկացվում: Այս ծավալը կարելի էր ընդունելի համարել, եթե խոսքը գնար անհետաձգելի հրապարակային միջոցառումների մասին: Սակայն շատ դեպքերում դրանք միանշանակ կարող էին նախատեսվել ընտրարշավի ժամանակաշրջանից առաջ կամ հետո, կամ էլ լուսաբանվել նվազ ծավալով:

Մանավանդ, որ կա չգրված կանոն նախընտրական քարոզչություն վարելու առավելագույնս հավասար պայմանների ապահովման համար քարոզարշավին մասնակցող պետության ղեկավարները պիտի կրճատեն, այլ ոչ թե հաճախացնեն իրենց մասնակցությունը ընտրարշավին չառնչված հրապարակային միջոցառումներին:

Վերոհիշյալ իրադարձություններին չափից դուրս ուշադրությունը հանգեցրել է նրան, որ ՀՀ նախագահի եւ վարչապետի մասնակցությամբ ընտրություններին անմիջականորեն չառնչվող միջոցառումների լուսաբանումը կազմել է Հանրային ռադիոյում ՀՀԿ-ին հատկացված ողջ եթերաժամանակի 52%-ը, իսկ «Շանթ» հեռուստաալիքում` 42.6%-ը: Ընդ որում, նախընտրական քարոզչության առաջին տասնօրյակում եւս Հանրային ռադիոն հանրապետականների առաջնորդների ոչ կուսակցական գործունեությանը մոտավորապես նույնչափ ուշադրություն էր դարձրել (49.2%):

Համապատասխան ռեպորտաժների հաշվին հանրապետականները հետազոտված բոլոր ալիքներում մյուս կուսակցություններից նկատելիորեն առաջ են անցել անդրադարձների հաճախականությամբ£ Քաղաքական ուժերի առաջնորդների ոչ կուսակցական գործունեության լուսաբանման ծավալի առումով համանման իրավիճակ է ստեղծվել նաեւ «Կենտրոնում» կապված ԲՀԿ ընտրացուցակի առաջին համար եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ»: «Կենտրոնի» հետազոտված երեկոյան եթերում որպես ՀԱՕԿ-ի ղեկավար նրա գործունեությանը ավելի շատ ուշադրություն է դարձվել, քան որոշ կուսակցությունների առանձին ալիքներում հատկացված ողջ եթերաժամանակը: «Հ1-ը», «Արմենիան», «Հ2»-ը նախընտրական քարոզչության երկրորդ տասնօրյակում աչքի չեն ընկել որեւէ առանձնահատուկ բանով, ինչն առանձնակի մեկնաբանության կարիք ունենար:

Հետազոտված 9 հեռարձակվողներից եւս մեկը` «Շողակաթը» ինչպես եւ մշտադիտարկման նախորդ փուլերում, հավատարիմ է մնացել իր՝ որպես հոգեւոր մշակութային հեռուստաալիքի ուղղվածությանը: Մշտադիտարկման մեջ ընդգրկված նրա հաղորդումներում ընդամենը 12 անդրադարձ կար քաղաքական կուսակցություններին/դաշինքին: Հետեւաբար, սույն հաշվետվությունում ներկայացված վերլուծությունն ու համեմատությունները չեն վերաբերում այս հեռարձակվողին:

Մշտադիտարկման քանակական տվյալների առավել հանգամանալից վերլուծություն ներկայացվելու է եզրափակիչ զեկույցում` 2012թ. մայիսի 6-ից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ