News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում պարզ ասաց, որ իր խորհուրդների կարիքը ոչ ոք չի զգացել: Այս մասին, այսօր` մայիսի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով, հնարավո՞ր է, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքականություն:

Ինչ վերաբերում է երկրում ստեղծված իրավիճակին, Ստեփան Դեմիրճյանը կարծում է, որ դրա պատասխանատուն կոալիցիան է` ՀՀԿ-ի գլխավորությամբ:

Վերջինս անդրադառնալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբին եւ այն խոսակցություններին, թե միասնական շտաբը քաղաքական ամուսնություն է, որպեսզի ԲՀԿ-ն իր անօրինական գործունեությունը թաքցնի, Դեմիրճյանն ասաց, թե քաղաքական ամուսնության մասին խոսք լինել չի կարող: Ինչ վերաբերում է անօրինականությունները թաքցնելուն, ըստ ՀԺԿ առաջնորդի, յուրաքանչյուրը պետք է լինի անաչառ եւ սկսի իրենից, իսկ միասնական շտաբի գործունեության ամբողջական գնահատականը կտան ընտրություններից հետո:

Նա նկատեց, որ լավ կյանքից չէ, որ նման շտաբներ են ստեղծվում: «Պետք է պարզապես արդար ընտրություններ անցկացնել: Դա իշխանությունն էլ կարող է անել, եթե ունի քաղաքական կամք»,-ասաց Դեմիրճյանը:

Անդրադառնալով միջազգային դիտորդների գործունեությանը, ընդդիմադիր գործիչը նշեց, որ թեեւ լավ է, որ նրանք գալիս են, բայց պետք չէ հույսը կապել նրանց հետ:

Ստեփան Դեմիրճյանը կարծում է, որ խորհրդարանում ՀԱԿ-ի ներկայությամբ հասարակությունը կշահի, քանի որ հասարակությունը կունենա սկզբունքային եւ գրագետ ուժ, հակառակ դեպքում հասարակությունը ԱԺ-ում կունենա կիսագրագետ ուժեր:

Նշենք, որ ընտրությունների վերահսկման միասնական շտաբ են ստեղծել ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ժառանգությունն» այդ շտաբին չի միացել, քանի որ կարծում է, որ ԲՀԿ-ն մի կողմից ընտրակաշառքներ է բաժանում, մյուս կողմից արդար ընտրությունների անցկացման ջատագով է ներկայանում:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ