News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանությունը ողջունում է ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանի նախաձեռնությունը, եւ կրկին հաստատում, որ այսուհետ եւս շարունակելու է միասնական չափանիշների կիրառմամբ ապահովել հավաքների մասնակիցների եւ մյուս քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը:

«Նախկինում ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել անձի իրավունքների եւ հիմնարար ազատությունների իրացմանը վերաբերող խնդիրների կապակցությամբ շահագրգիռ կառույցների հետ քննարկումներ անցկացնելու նախաձեռնություններով եւ հետեւաբար բարձր է գնահատում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես սահմանադրական ինստիտուտի հետ համատեղ արդյունավետ լուծումներ գտնելու հարցում հայտնած պատրաստակամությունը»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հավաքների ազատության իրավունքի իրացման վերաբերյալ գրություն է ուղարկել Ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին՝ ներկայացնելով վիճահարույց խնդիրների վերաբերյալ իր իրավական դիրքորոշումները:

Օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում էր. «Մաշտոցի պուրակում անցկացված հավաքների ընթացքում ծագած խնդիրները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլ հայտարարած Ա. Վարդանյանի գանգատները վկայում են, որ հավաքների անցկացման ընթացքում դեռեւս հստակեցման կարիք ունեն Ոստիկանության աշխատակիցների եւ հավաքների կազմակերպիչների ու մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները:

Նպատակ ունենալով համապատասխան օրենսդրության կիրառումը կանխատեսելի դարձնել հավաքների կազմակերպիչների եւ մասնակիցների համար՝ Պաշտպանը Ոստիկանապետին առաջարկել է աշխատանքային կարգով քննարկել բոլոր վիճահարույց հարցերը, ինչպես նաեւ համատեղ մշակել ու հրապարակել հստակ չափորոշիչներ, որոնք կստեղծեն իրական հնարավորություն՝ ապագա հավաքների ժամանակ խուսափելու անցանկալի միջադեպերից եւ մարդկանց իրավունքների խախտումներից»:

Տպել
Ամենաշատ
Partner news