News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Ադրբեջանն իր դիվերսիոն գործողություններով փորձում է խուսափել իր իսկ`օրեցօր խորացող դիվանագիտական պարտության ամրագրումից:

Բազմաթիվ փորձագետներ կարծում են, որ ԱՄՆ պետքարտուղարի այցին զուգահեռ ակտիվացնելով հրադադարի խախտումը, Ադրբեջանը փորձում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ հակամարտությունը ամենեւին էլ սառեցված չէ եւ պատերազմի վերսկսումը կարող է «անդառնալի հետեւանքներ ունենալ թե’ տարածաշրջանի, թե’ Արեւմուտքի էներգետիկ անվտանգության համար»:

Սա իհարկե ճիշտ է, սակայն ոչ միակ ճշմարտությունը: Բանն այն է, որ տարիներ շարունակ Ալիեւի վարչակարգը սեփական ժողովրդին կերակրել է մոտալուտ «հաղթանակի» պատրանքով: Այդ նույն պատրանքով ռազմական բյուջեի ոչ հրապարակային ֆինանսավորման անվան տակ նավթային ոլորտից յուրացվել են միլիարդավոր դոլարներ: Այդ պատրանքով են զսպվել ներիշխանական խլրտումներն ու լռեցվել հակակառավարական շարժումները, օրորոցում խեղդամահ արվել խոսքի ազատությունն ու քննարկումները: Այդ պատրանքով որեւէ խոսք անգամ չի գնում Ադրբեջանում բնակվող միլիոնավոր ազգային փոքրամասնությունների իրավունքների կամ անգամ գոյության մասին՝ փորձելով արհեստականորեն ստեղծել հոմոգեն «ազերի ազգ», որը հին «աղվանների» եւ թուրքական քոչվորների «խառնուրդն» է:

Եվ ահա այս ամենին զուգահեռ, ԼՂ բանակցային գործընթացում ադրբեջանական սպասումներին լրիվ հակառակ ամրապնդվեցին սկզբունքներ, որոնց մասին գործընթացի սկզբում կամ չէր խոսվում, կամ մեկնաբանվում հոգուտ Բաքվի: Խոսքը ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների` բանակցային հիմնասյուներ դառնալու մասին է:

Հետ նայելով այսօրվա հանգրվանից դեպի 1990-ականների կեսերը Ադրբեջանի ղեկավարությունը սարսափած արձանագրում է այն սկզբունքային տարբերությունը, որ կա ներկայիս Մադրիդյան սկզբունքների, դրանց մեկնության եւ ասենք Բուդապեշտի եւ Լիսաբոնի գագաթաժողովների, դրանցում գերիշխած մոտեցումների եւ մեխանիզմների միջեւ: Սարսափն ավելի է համակում պաշտոնական Բաքվին, երբ նրանք հետընթաց համեմատում են Ադրբեջանի ունեցած էներգետիկ եւ տրանզիտային դերակատարությունը, կատարված ծախսերն ու ներդրած ջանքերը 1990-ականներին եւ քսան տարի անց:

Ակնհայտ է, որ, երբ արդեն երեք խոշորագույն խաղացողները` ԱՄՆ, Ռուսաստանն ու Ֆրանսիան դետալացնում են կարգավորման սկզբունքներն այն աստիճան, որ բացահայտ խոսում են ինքնորոշման իրավունքի` տարածքային ամբողջականության հետ հավասար, հավասարազոր կիրառման /ոչ փուլային/, ուժի գործադրմամբ հակամարտության կարգավորման ոչ թե անթույլատրելիության այլ արդեն անհնարինության մասին, Ալիեվին ոչինչ այլեւս չի մնում: Պատրանքներով սնված հասարակությունը Ալիեվից պատասխան եւ վճռական գործողություններ է պահանջում: Մնում է այլընտրանքային տարբերակներ փնտրել 18 տարիների բանակցային պրոցեսում Բաքվի երբեւէ գրանցած ամենապարտվողական դիվանագիտությանը բանակցային սենյակից «պատվով» դուրս բերելու համար: Իսկ դրա լավագույն տարբերակը բանակցային սենյակը հետնամուտքից լքելն է` այն է, պարբերական դիվերսիաների, ինտենսիվ փոխհրաձգության միջոցով հասնել կարճատեւ բախման, ինչն էլ կհանգեցնի ողջ բանակցային գործընթացի դադարեցմանն ու նոր իրավիճակին համարժեք միջնորդական առաքելության կազմակերպմանը:

Ադրբեջանում քաջ գիտակցում են, որ հերթական կարճատեւ պատերազմը Հարավային Կովկասում Արցախի համար գրանցելու է վատագույն դեպքում այն արդյունքը, ինչ եղավ վրաց-օսական պատերազմում` սկիզբ դնելով ԼՂ միջազգային ճանաչման գործընթացին: Նույն ադրբեջանական անկախ փորձագետները առանձին հանդիպումներում հաստատում են, որ պաշտոնական Բաքուն ինքնախաբեության մեջ այնքան խորն է գնացել, որ անկախ արդյունքից, ինչ-որ գործողություն` այս դեպքում թեկուզ միկրոպատերազի է ձգտում` ապացուցելու սեփական ժողովրդին իր` տասնամյակներով ստեղծած պատրանքների իրականացման գործում Ալիեվի վճռականությունը: Իսկ անհաջող արդյունքի դեպքում միջազգային հանրության վրա մեղքը բարդելը Բաքվում միշտ էլ արդիական է եւ կիրառական:

Բանակցային ձեւաչափին հավատարիմ մնալով, ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքների հետագա ամրագրումով ու միջնորդական առաքելության հետ կառուցողական համագործակցության շարունակությամբ մենք կարող ենք եւ պարտավոր ենք տապալել «Հարսնացուի փախուստի»` Ալիեւյան բեմադրությունը` առավել խորացնելով Ադրբեջանի դիվանագիտական պարտությունը, ինչն ավելի ամուր հիմքեր կստեղծի տեւական խաղաղության համար, քան նույնիսկ հերթական ռազմական բախումն ու նոր գործընթացի սկիզբը:

Վարդան Գասպարյան

Տպել
Ամենաշատ