News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հոգով եւ մարմնով միացած է կոալիցիային, եւ դա կլինի այնքան ժամանակ, մինչեւ նա չհայտարարի, որ ընդդիմություն է: Այդ մասին, այսօր` հունիսի 11-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, վստահություն հայտնելով, որ ԲՀԿ-ն նն այդ մասին երբեք չի հայտարարի:

«Տվյալ պահին դժվար է խոսել ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ընդդիմադիր ուժի ձեւավորման մասին, քանի որ այդ դեպքում նրանք պետք է հրաժարվեն կառավարման տնտեսական  լծակներից եւ շարժվեն գաղափարախոսությամբ: Այն դեպքում, երբ այդ կուսակցությունը գաղափարախոսություն չունի»,- հայտարարել է Սեդրակյանը:

Նա նշել է, որ կոալիցիա ձեւավորվում է  հավասար հզորություն ունեցող քաղաքական ուժերի միջեւ, սակայն Հայաստանի հանրապետական կուսակցության եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների դեպքում դա նման է մեծ եւ փոքր եղբայրների հարաբերությունների:

Տվյալ հայտարարությանը շատ զգացմունքային արձագանքել է Հայաստանի հանրապետական կուսակցության պատգամավոր Վարդան Այվազյանը: «Մենք մաֆիա ենք խաղո՞ւմ: Բոլորին սեւերի եւ սպիտակների ենք բաժանում: Ըստ ձեզ, եթե ես ընդդիմադիր դառնամ, ես պետք է  մնամ առանց տնտեսական միջոցների՞, նստեմ ավտոբուս եւ երկրից հեռանա՞մ»:

Սեդրակյանը բացատրել է, որ նկատի ունի հարկային դաշտը: Վարդան Այվազյանն ասել է. «Կանանց օրն անցել է, թողեք արտահայտվեմ: Ինչ է, աշխարհի վե՞րջն է, եթե մի քաղաքական ուժ պարտվում է, պետք է ամեն ինչ հանձնի եւ լքի՞ երկիրը»:

Հարցին, թե իրենք ինչպես են վերաբերում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, Այվազյանը պատասխանել է. «Նորմալ քաղաքական ուժ է»: Սեդրակյանն էլ նշել է, որ այն որպես քաղաքական ուժ որեւէ կերպ չի ընկալում, քանի դեռ այն չի կողմնորոշվել, թե որ քաղաքական դաշտում է գտնվում: Դրան Այվազյանն արձագանքել է. «Ի՞նչ է նշանակում ոչ մի կերպ չեմ ընկալում: Կարող է դուք այն ընկալում եք Հանրապետական կուսակցության կազմո՞ւմ»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ