News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կրթության ժամանակակից գործիքներ է տրամադրել Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնին։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին ՎիվաՍել-ՄՏՍ-ի լրատվական ծառայությունից, կրթության կենտրոնում ստեղծել է տեսակոնֆերանսների դահլիճ ու ինտերակտիվ գրատախտակով: Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոնը հնարավորություն կունենա օնլայն կրթություն ապահովել ու կապ հաստատել Տեխասի համալսարանի հետ։

Ըստ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հաղորդագրության՝ տեսաձայնային կատարյալ HD որակ ապահովող պրոֆեսիոնալ սարքավորումը, մոնիտորները եւ դասախոսի կողմից հեռակառավարվող տեսախցիկը ապահովում են իրական պատկեր` թույլ տալով հնարավորինս կրճատել վիրտուալ լսարանի տպավորությունը: HD որակի շնորհիվ ձայնը դադարում է լինել արհեստական, ինչը թույլ է տալիս կրճատել տարածության զգացումը, արդյունավետ քննարկում ծավալել դեմ առ դեմ ձեւաչափով եւ ստանալ առավելագույն գիտելիք: Ուղիղ հեռարձակմամբ առաջին տեսակոնֆերանսը կազմակերպվել է Տեխասի համալսարանի հետ: Կենտրոնին տրամադրվել է նաեւ ինտերակտիվ գրատախտակ եւ լուսարձակ:

«Համացանցը մեծացնում է կրթվելու հնարավորությունը: Համոզված եմ, որ ուղիղ հեռարձակմամբ կազմակերպվող ուսուցման հեռավար մեթոդը կփոխի ուսանողների մտածողությունն ու վարքագիծը: Այն երիտասարդությանը թույլ կտա լինել ավելի ինքնուրույն, նպատակասլաց եւ պատասխանատու,  իսկ մոնիտորների տարբեր կողմերում գտնվող դասախոսները կկատարեն խորհրդատուի դեր: Տարբեր երկրների բուհերի միջեւ ստեղծվող վիրտուալ համագործակցությունը թույլ կտա ձեւավորել լայն աշխարհայացք: Այն կարեւոր է նաեւ ազգային մտածողությունը, մշակույթը այլ երկրների հետ համեմատելու եւ համադրելու տեսանկյունից: Մենք ձգտում ենք տեղեկատվական բոլոր պաշարները հասանելի դարձնել ուսանողությանը»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ում համոզված են, որ տեխնոլոգիական լուծումները եւ ուսումնառության առցանց եղանակը պահանջված գործիքներ են որակյալ կրթության համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ