Ամերիկայի թուրքերի խորհրդի հերթական տարեկան նիստին մասնակցած ԱՄՆ պետաքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը խոսել է նաեւ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման անհրաժեշտությունից:
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ` Գորդոնը, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, նշել է, թե դրանց բարելավումը դրական ազդեցություն կունենա տարածաշրջանի համար:
«Այս տարածաշրջանը կարիք ունի ոչ թե փակ, այլ դիվանագիտական հարաբերությունների եւ բաց սահմանների»,-նշել է Գորդոնը` շեշտելով, թե խնդրի կարգավորման համար դեռեւս ժամանակ կա, եւ ԱՄՆ-ի ցանկությունն է, որ Թուրքիան արձանագրությունների վավերացման հարցում քայլ կատարի:
Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա դժվարություններին, Ֆիլիպ Գորդոնը թվարկել է 1915-ի հետ կապված բանաձեւերի մուտքը Կոնգրես եւ Կիպրոսի խնդիրը: