News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

2012 թ. հունիսի 1-ին` առավոտյան ժամը 08:20-ի սահմաններում, մահացած 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի գործի փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվում է, որ նա 2011 թ-ի դեկտեմբերի 21-ին ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար: Այս մասին նշված է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«ՀՀ պաշտպանության նախարարի 2010 թվականի N 175 հրամանով հաստատված «Զինապարտների բժշկական եւ զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգի» 89 դ կետի, Սարո Սամվելյանի համար նշանակվել է ծառայություն թիկունքի զորքերում:

Սարո Սամվելյանը 2011 թ-ի դեկտեմբերի 23-ին Գյումրիի զինկոմիսարիատից զորակոչվել է Հադրութի թիվ 38401 զորամաս: 2012 թ-ի հունվարի 30-ին հրամանագրվել է որպես նշանառու: Լինելով ոչ շարային ծառայության մեջ՝ Սարո Սամվելյանը 2012-ի մարտի 30-ին տեղափոխվել է Խոջալու՝ մայիսի 9-ի տոնակատարության շքերթին նախապատրաստվելու նպատակով: Ավելին, այնուհետեւ նրան տեղափոխել են Հադրութի հենակետ, որն ընդգրկված չէ ոչ շարային ծառայության շրջանակներում: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ նշված միջոցառումներին նրա մասնակցությամբ խախտվել են Սարո Սամվելյանի իրավունքները:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է ՀՀ զինդատախազից, Հատուկ քննչական ծառայությունից իրականացնել պատշաճ քննություն, բացահայտելու, Սարո Սամվելյանին շարային ծառայության մեջ ներգրավելու, Հադրութի հենակետ ուղարկելու պատճառները եւ հանգամանքները, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկելու մեղավորներին:

Ի դեպ, հարկ է նշել, որ Սարո Սամվելյանի մահվան փաստով կալանավորվել են երկու հոգի՝ ՊԲ N զորամասի ՀԳ-ի 9-րդ ՀՎ-ի 1-ին դասակի 1-ին ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Սերյոժա Ժորայի Կարապետյանը՝ ՀՀ Քր. օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով եւ 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար եւ նույն զորամասի 3-րդ գումարտակի 9-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռազմիկ Խորենի Խանյանը՝ ՀՀ Քր. օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով եւ 375 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների համար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 1-ին, ժամը 8.20-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեռեւս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանը: Նրա մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` Քր.օր.-ի  110 հոդվածի առաջին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

 

Տպել
Ամենաշատ