News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բյուրականի աստղադիտարանում, սեպտեմբերի 15-23-ին, տեղի կունենա երիտասարդ աստղագետների միջազգային դպրոց, որը բյուրականյան ամառային դպրոցների շարքում արդեն 4-րդն է: Այս անգամ դպրոցն անցկացվում է Անանիա Շիրակացիի 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Դպրոցը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) եւ Հայկական աստղագիտական ընկերության /ՀԱԸ/ կողմից: Դասախոսների թվում հրավիրված են այնպիսի նշանավոր աստղագետներ, ինչպիսիք են Միջազգային աստղագիտական միության նախագահ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), հնդիկ նշանավոր տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը եւ Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի առաջին հաղթող Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) եւ այլոք, ինչպես նաեւ ԲԱ աստղագետներ: Դպրոցին կմասնակցեն Հայաստանի, Մերձավոր Արեւելքի, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների մոտ 30 ուսանողներ: Դասախոսվող եւ քննարկվող թեմաներն են լինելու ցամաքային եւ տիեզերական աստղադիտակները եւ դիտողական տեխնիկան, համակարգիչները եւ տվյալների մշակման համակարգերը աստղագիտության մեջ, աստղագիտական կատալոգները, շրջահայությունները, տվյալների շտեմարանները եւ Վիրտուալ աստղադիտարանները, զանազան եղանակներով մոլորակների, աստղերի, միջամածությունների եւ գալակտիկաների ուսումնասիրությունները, պատմա-աստղագիտությունը եւ աստղագիտական ժառանգությունը: Դասախոսություններից բացի մասնակիցների համար կկազմակերպվեն գործնական պարապմունքներ, դիտումներ եւ դրանց արդյունքների մշակում, ծանոթություն ԲԱ աշխատանքներին եւ շրջագայություններ Հայաստանում: Դպրոցի մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ մասնակցելու Վիկտոր Համաբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման սեպտեմբերի 18-ին կայանալիք արարողությանը եւ «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով սեպտեմբերի 25-28-ին կայանալիք միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված կլինի ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ Հայաստանում աստղագիտական արժեք ներկայացնող նյութական եւ ոչ նյութական հուշարձանների ուսումնասիրությանը:

Հիշեցնենք, որ բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքը սկսվել է 2006թ. եւ անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Նախորդ դպրոցներին (2006, 2008, 2010 թթ.) մասնակցել են 21 երկրների 100-ից ավելի ուսանողներ: Դասախոսների թվում են եղել այնպիսի նշանավոր գիտնականներ, ինչպիսիք են Դանիել Վիդմանը եւ Ռոբերտ Ուիլյամսը (ԱՄՆ), Դանիել Կունտը, Միշել Դենեֆելդը եւ Գարի Մամոնը (Ֆրանսիա), Դիտեր Էնգելսը եւ Լուտց Վիսոցկին (Գերմանիա), Մասիմո Տուրատոն (Իտալիա) , Ժան-Պիեր դե Գրեվը (Բելգիա) եւ այլոք, թվով ընդամենը՝ 26 արտասահմանյան աստղագետներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ