News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 28
USD
482.57
EUR
540.24
RUB
6.13
Տեսնել լրահոսը

Հունվարից մինչ օրս ապաստանի  խնդրանքով Հայաստանին է դիմել  32 օտարերկրյա քաղաքացի աշխարհի 10 երկրից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նրա խոսքով` վերոնշյալ 32 օտարերկրացիներից   9-ը Իրաքից են, 3-ը` Կոնգոյից, 4-ը Սիրիայից, 7-ը` Իրանից,  2-ը` Կոնգոյի Դեմոկրատկան Հանրապետությունից,  2-ը` Թուրքիայից, 1-ական  Մալիից, Չինաստանից եւ Վրաստանից:

Ինչպես նշեց Եգանյանը, գոյություն ունի ապաստանի տրամադրման համակարգ, որը 2000 թ-ից պետության գործառույթն է եւ լիովին կայացել է. «Առաջին փորձությունը, որի հետ բախվեց համակարգը, իրաքյան դիմակայությունն էր,  երբ ավելի քան 1000 մարդ ապաստան խնդրեց  Հայաստանում, եւ համակարգը ցույց տվեց իր կենսունակությունը»:

Եգանյանի խոսքով` մյուս փորձությունը 2006 թ-ին էր, իսրայելա-լիբանանյան դիմակայության ժամանակ, երբ  ապաստանի 250 դիմում ստացվեց` 150-ը` Լիբանանից եւ 100-ը` Իսրայելից:  Ընդ որում, հայերի հետ միասին  ապաստանի հայցով դիմում էին ինչպես արաբները, այնպես էլ իսրայելցիները:

Երրորդ մեծ հոսքը 2008թ. ռուս-վրացական առճակատումից հետո էր. այդ ժամանակ ստացվեց ապաստանի 150 հայտ:

Վերջին տարիներին, ըստ պաշտոնյայի,  ընդլայնվել է Հայաստանում ապաստան հայցողների աշխարհագրությունը. հիմնականում աֆրիկյան երկրներն են` Մալին, Կոտ դ` Իվուարը, Նիգերիան, ցանկացողներ են եղել Կուբայից, Թուրքիայից, Իրանից:

 «Օրենսդրության համաձայն, ապաստանի տրամադրման մասին դիմումն ստանալու դեպքում մենք փորձում ենք իմանալ իրենց երկիրը լքելու իրական պատճառները. արդյոք իսկապես հետապնդվել են էթնիկ կամ քաղաքական դրդապատճառներով, թե Հայաստանը դիտարկում են որպես բնակության նոր վայր: Օրինակ, իրաքցիների դեպքում նրանց ապաստան է տրամադրվել,  քանի որ նարնց բացատրությունները համապատասխանում էին իրականությաննը եւ օրենքի պահանջին: Մնացած դեպքերում դրական պատասխան է տրվել դիմողների 15%-ին, այսինքն 6-ից մեկն է ապաստան եւ փախստականի կարգավիճակ ստանում Հայաստանում, իսկ մնացած դեպքերում, որպես կանոն, մերժում ենք»,-ասաց Եգանյանը`նշելով,  որ մերժում ստանալով անձը կարող է այն բողոքարկել դատական ատյաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել