News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության դիմակավորված աշխատակիցներն, այսօր՝ հունիսի 21-ին, ձեռնաշղթաներով  Ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են տեղափոխել  հունիսի 17-ին, ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում խուլիգանություն կատարելու եւ առանձնակի դաժանությամբ ծեծ իրականացնելու մեջ կասկածվող հինգ երիտասարդների: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից: Այսօր ճանաչում է լինելու նշված անձանց եւ նրանց կողմից ծեծի ենթարկված ՀՀ Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի աշխատակիցների միջեւ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինիս գլխի ծանր վնասվածքով տեղափոխել էին հոսպիտալ եւ նյարդավիրաբուժական վիրահատության ենթարկել: Վիրահատությունը տեւել էր մի քանի ժամ, եւ Ավետյանն այժմ ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: «Վահե Ավետյանի մոտ գլխուղեղի դիսլոկացիա է, մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագնդի մեջ»,-ասել էր վիրաբույժը:

Հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում»):

Քրեական գործը նախ ուղարկվել էր ՊՆ քննչական ծառայություն, սակայն դատախազությունը հետ էր ուղարկել ոստիկանություն: Ոստիկանները բերման են ենթարկել 7 մարդու, ռեստորանի մենեջերին եւ մատուցող Դավիթ Ադամյանին, որն առաջինն է սկսել վիճաբանությունը Վահե Ավետյանի հետ, նաեւ անվտանգության հինգ աշխատակիցների, այդ թվում Գարիկ Մարգարյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը եւ Արման Խաչատրյանը՝ «Կյաժ» մականունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ