News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Մարսելի միջեւ ստորագրված բարեկամության եւ համագործակցության համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ֆրանսիայի Մարսել քաղաք:  Այցի առաջին օրը` հունիսի 21–ին, Տարոն Մարգարյանը հանդիպել է իր գործընկերոջ` Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ:

Վերջինս նշել է, որ երկու քաղաքների միջեւ ձեւավորված բարեկամության ակուքները շատ ավելի խորն արմատներ ունեն, քան անցած 20 տարիները: Երեւանի եւ Մարսելի համագործակցությունը դիտարկելով հայ-ֆրանսիական ներկայիս ամուր եւ ջերմ հարաբերությունների համապատկերում, Մարսելի քաղաքապետն ընդգծել է, որ երկու քաղաքների համագործակցությունը այդ տեսանկյունից եւս պետք է լինի համարժեք եւ համակողմանիորեն ընդգրկուն:

Շնորհակալություն հայտնելով պաշտոնական հրավերի եւ ջերմ ընդունելության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է Մարսելի քաղաքապետի կողմից Հայաստանին եւ հայությանն առնչվող հարցերի նկատմամբ մշտապես ցուցաբերվող գործնական հետաքրքրությունը: «Մարսելի եւ Երեւանի 20-ամյա  համագործակցությունը եւս մեկ վկայությունն է հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության եւ, եթե հաշվի առնենք նաեւ ցեղասպանությունից մազապուրծ հազարավոր հայերի համար Մարսելի երկրորդ հայրենիք դառնալու հանգամանքը, ապա վստահաբար կարող ենք ասել, որ Մարսելն իրապես մեծ դերակատարում ունի հայ-ֆրանսիական հարաբերությունների ընդլայնաման ու ամրապնդման գործում»,-ընդգծել է Երեւանի քաղաքապետը:

Անդրադառնալով Երեւանի եւ Մարսելի համագործակցության ուղղություններին ու համատեղ իրականացվող ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ ցանկալի է վերանայել համագործակցության համաձայնագիրը, առաջարկելով ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կուսումնասիրեն համագործակցության բոլոր առաջարկները:

Երեւանի քաղաքապետը Ժան-Կլոդ Գոդենին առաջարկել է նաեւ Մարսելի քաղաքապետարանի աջակցությամբ ֆրանսիացի գործարարներին ներկայացնել Երեւանի ներդրումային դաշտը եւ առաջարկել նրանց փոխշահավետ ներդրումային ծրագրեր իրականացնել Երեւանում։

Նույն օրը Երեւանի քաղաքապետը հանդիպում է ունեցել ֆրանս–հայկական առեւտրաարդյունաբերական պալատի եւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացնելով Երեւանում ներդրումային հնարավորություններն ու բարենպաստ միջավայրը, Տարոն Մարգարյանը նշել է. «Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է շատ կարեւոր մի սկզբունք, ըստ որի մենք բաց ու պատրաստակամ ենք քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի Երեւանի զարգացմանը: Հաշվի առնելով, որ Երեւանի եւ Մարսելի  փոխգործակցությունը զարգացման ու ընդլայնման բավականաչափ ներուժ ունի, վստահ եմ, որ դուք էլ ավելի ակտիվ մասնակցություն կարող եք ունենալ Երեւանի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերում»,- ընդգծել է քաղաքապետը։

Հանդիպմանը ներկա  ֆրանսահայ հայտնի կինոռեժիսոր Անրի Վերնոյի որդու` Պատրիկ Մալաքյանի հետ զրույցի ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է նաեւ, որ ներկայում քննարկվում է Երեւանում մեծ կինոռեժիսորի անունով փողոց անվանակոչելու հարցը: Իր եւ ողջ ընտանիքի անունից շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին նման նախաձեռնությամբ հանդես գալու համար, Պատրիկ Մալաքյանը նշել է, որ դա իսկապես մեծ պատիվ է իրենց համար եւ վստահեցրել է, որ իր հնարավորության սահմաններում աջակցել Երեւանում իրականացվող ծրագրերին։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ