News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոսկվայի միջազգային 34-րդ կինոփառատոնում այս տարի հայկական կինոն կունենա պատշաճ ներկայություն: Հունիսի 21-ից մեկնարկած կարեւոր այս փառատոնի «Հեռանկարներ» մրցութային ծրագրում ընդգրկված է ռեժիսոր Նատալյա Բելյաուսկենեի, պրոդյուսերներ Միքայել Պողոսյանի եւ Թերեզա Վարժապետյանի «Եթե բոլորը…» ֆիլմը:

Մոսկովյան փառատոնի շրջանակներում անցակացվող Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերերի (EAVE) համատեղ արտադրության ֆորումում կներկայացվեն հայկական մի քանի նախագծեր, այդ թվում` Եվրոպական լավագույն կինոնախագծերի BEST մրցույթում ընդգրկված ռեժիսոր/պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի, սցենարիստներ Մարինե Զաքարյանի եւ Հովհաննես Գալստյանի «Լուսավոր շրջան» (Հայաստան, Նորվեգիա, Ֆրանսիա, Նիդեռլանդներ) կինոնախագիծը:

Համատեղ արտադրության ֆորումում ընտրված 23 նախագծերի մեջ են նաեւ «Կորած թռչուններ» ֆիլմը ( արտադրողներ` «Kara Kedi Film» Թուրքիա, «Պարալլելս Ֆիլմ»` Հայաստան, թուրքական կողմի ռեժիսորն ու պրոդյուսերն են Արեն Պերդեցին եւ Էլա Ալյամաչը, իսկ հայկականից` Հովհաննես Գալստյանը) եւ «Բարս մեդիա» ընկերության «Ձգված լարի վրա» ֆիլմը, որի ռեժիսորն է Լեւոն Մինասյանը, իսկ պրոդյուսերը` Վահան Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ներկայացված բոլոր նախագծերը միջազգային համատեղ արտադրության աշխատանքներ են եւ իրականացվում են Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ:Բացի այս, Մոսկվայում ռեժիսոր Հովհաննես Գալստյանը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրինության հանձնարարությամբ հանդիպումներ կունենա «Ռուսսիկո» ընկերության պատասխանատուների հետ` քննարկելու, դեռեւս Կաննում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում, ֆիլմերի փոխանակման, դիստրիբուցիայի եւ վերկանգնման հարցերը:

Փառատոնի փակումը տեղի կունենա հունիսի 30-ին:

 

Տպել
Ամենաշատ