News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի վերաբերյալ ժողովրդավարություն բառը գործածելն առնվազն մեծ շռայլություն կլինի: Այդ մասին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ամբիոնից հայտարարել է Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ քիչ առաջ ավարտվել են ազատ քննարկումները ԵԽԽՎ-ում, եւ ինքը խոսել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման բազմակի դեպքերի մասին, վկայակոչել հունիսի 4-ին Տավուշի մարզի Բերդավան եւ Չինարի գյուղերի մոտ տեղակայված հայկական հենակետերի վրա գրոհը, որի հետեւանքով զոհվեց երեք հայ զինվոր:

«Սա որերորդ դեպքն է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է շփման գծում հրադադարի ռեժիմը: Հունիսի 4-ին նրանք անգամ Չինարի գյուղի մանկապարտեզի վրա են կրակահերթ բացել: Բարեբախտաբար երեխաներին հասցրել են ժամանակին տեղափոխել ապահով տեղ: Եւ ինչպես պատմում է ադրբեջանական կրակահերթերի պարբերաբար թիրախ դարձած մանկապարտեզի տնօրենը, երբ սկսվում են ադրբեջանական կրակահերթերը, իրենք երեխաներին տեղափոխում են հատուկ թաքստոց, միացնում բարձր երաժշտություն, որ երեխաները չվախենան»,- եվրոպացիներին ասել է Նաիրա Զոհրաբյանը եւ հավելել. «Հարգելի գործընկերներ, երբ հավաքվում ենք Վեհաժողովում եւ խոսում մարդու իրավունքների մասին, որ ամեն երեխայի կյանքը անփոխարինելի է, նույն այդ ժամանակ մեր Վեհաժողովի անդամ երկիրը, անտեսելով միջազգային հանրության հորդորները, համառորեն շարունակում է իր ռազմատենչ քաղաքականությունը»:

Պատգամավորը նշել է, թե «ժողովրդավարություն բառը մեր հարեւանի մասին գործածելն առնվազն մեծ շռայլություն կլինի»:

Նաիրա Զոհրաբյանի ելույթին փորձել է պատասխանել Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը, ով հրադադարի խախտման ողջ մեղքը բարդել է հայկական կողմի վրա, եւ սպառնացել է, թե պատերազմի վտանգը շատ ռեալ է: «Հայաստանի եւ Ադրբեջանի հնարավորություններն այժմ անհամեմատելի են, Հայաստանի բյուջեն շատ խոցելի է, իրական պատերազմի վտանգը շատ մեծ է»,- հոխորտացել է նա` խորհուրդ տալով Հայաստանի վրա ճնշում գործադրել:

Ելույթներին արձագանքել է նաեւ ԵԽԽՎ նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը, ով նշել է, թե լսելով բանախոսներին, կրկին համոզվեց, որ անհրաժեշտություն կա հանդիպել պատվիրակությունների ղեկավարներին եւ քննարկել համագործակցության ուղիները, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի ենթահանձնաժողովի հարցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ