News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը շարունակում է իր նախընտրական հանդիպումները: Մարտակերտի շրջանի որոշ գյուղեր այցելելուց հետո Բալասանյանը հանդիպումներ է ունեցել Ստեփանակերտի թաղերում եւ հիմնարկներում, որտեղ ներկայացրել է իր մոտեցումները պաշտպանության եւ անվտանգության, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական հարցերի շուրջ:

Բակային հանդիպումներում բնակիչներն իրենց առաջարկներն ու խնդիրները ներկայացրել են գրավոր նամակների ձեւով, հավաքվել է շուրջ 700 նամակ:

Այսօր` հունիսի 26-ին, Փրկարար ծառայության աշխատակիցների հետ հանդիպմանը ծառայողներից մեկը Բալասանյանին հարցրել է իր թիմի, կադրերի մասին, ինչին նա պատասխանել է. «Չեմ ընդունում թիմ հասկացողությունը, ես ֆուտբոլ չեմ խաղում: Մեր հասարակությունում այսօր կան բազմաթիվ որակյալ կադրեր, ովքեր գնահատված չեն, ովքեր չեն կարողանում իրացնել իրենց ամբողջ ներուժը կոռուպցիայի, խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտի պատճառով: Այսօր էլ տարբեր ոլորտներում աշխատում են նվիրյալներ, ովքեր բնականաբար արժանի են գնահատականի: Ընտրվելուց հետո մինչեւ երդումը նոր նախագահը 50 օր ունի կառավարություն ձեւավորելու համար: Այդ 50 օրը բավարար է կառավարության կազմը որոշելու համար: Պատերազմի սկզբին, երբ ես նշանակվեցի/ընտրվեցի հրամանատար, ես թիմ չունեի: Այնուհետեւ ինձ մոտ հավաքվեցին մյուսները, հայտնվեցին շտաբի պետ, տեղակալներ, գումարտակների հրամանատարներ եւ այսպես շարունակ: Ու մենք ոչ միայն պաշտպանեցինք Ասկերանի շրջանը, այլեւ ազատագրեցինք Աղդամը: Այնպես որ, մի կասկածեʹք, որ նախագահ Բալասանյանի շուրջ կոմպետենտ մարդիկ են հավաքված, որոնց թիվն օր օրի ավելանալու է»:

Վաղը նախագահի թեկնածուն կլինի Ասկերանի շրջանի մի շարք գյուղերում:

 

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ