News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանում, Մաշտոցի 54 հասցեում, տեղի է ունեցել ռուսաստանյան «Տրանսաերո» ավիաընկերության հայաստանյան գլխավոր ներկայացուցչության հանդիսավոր բացումը: Հատուկ այս նպատակի համար Հայաստան էր ժամանել ընկերության գլխամասային գրասենյակի ներկայացուցչական պատվիրակությունը` «Տրանսաերո» ավիաընկերության փոխտնօրեն Երվանդ Ալավերդյանի գլխավորությամբ: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին «Տրանսաերո» մամուլի ծառայությունից, Ալավերդյանը ողջունելով ներկաներին` փոխանցել է ընկերության գլխավոր տնօրեն Օլգա Պլեշակովայի ուղերձը եւ նշել, որ ընկերությունում կարեւորում են հայկական շուկայում  «Տրանսաերո» ավիաընկերության ներգրավվածությունը:

«Երեւանյան գրասենյակի բացումը միտում ունի մեր երկրի համար ապահովել ավիափոխադրումների մատչելիություն եւ հարմարավետություն: Մասնավորապես ի թիվս այլ առաջարկների այսուհետ ԱՄՆ մեկնողները կարող են օգտվել Երեւան-Մոսկվա-Լոս Անջելես չվերթից, որն առավելագույնս  հարմարեցված է ուղեւորների հիմնական պահանջներին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ ուղեւորը իր ուղեբեռը կհանձի «Զվարթնոց» օդանավակայանում եւ այն կստանա արդեն Լոս Անջելեսում։

Ըստ նրա՝ Մոսկվայում թռիչքին ուղեւորները կսպասեն ընդամենը մեկ ու կես ժամ։ «Տրանսաերոն» հայաստանյան շուկայում նորույթ է առաջարկում՝ տրանսատլանտյան չվերթ «Իմպերիալ» դասով։ Վերջինս հնարավորություն է տալիս ճաշելու, հանգստանալու, քնելու հարմարավետ անկողնում` հատուկ տվյալ ուղեւորի համար առանձնացված տարածքում:

«Տրանսաերոյի» հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Համլետ Գասպարյանը անդրադառնալով ընկերության գործունեությանը՝ նշել է, որ Հայաստանում այն կկազմակերպվի ընկերության լավագույն ավանդույթներին համահունչ: Նա հավելել է, որ հավաքվել են նախանձախնդիր արհեստավարժների թիմ, որոնք ի զորու են լուծելու կորպորատիվ շահերից բխող բոլոր խնդիրները: Գասպարյանը տեղեկացրել է, որ ընկերությունը առաջինն է հետխորդային տարածքում, որն իր ինքնաթիռներում ապահովում է գերարագ ինտերնետ կապ: Եզրափակելով ելույթը գլխավոր ներկայացուցիչը նկատել է, որ ի դեմս «Տրանսաերոյի» հայաստանյան ավիափոխադրումների շուկան կունենա հուսալի ու անվտանգ օպերատոր:

Ընկերությունը շուկայում կներկայանա մատչելի գնային քաղաքականությամբ: Մինչեւ երկու տարեկան երեխաները իրենց ծնողների դրամապանակին ընդհանրապես նեղություն չեն պատճառի, մինչեւ տասներկու տարեկանները կճանապարհորդեն մինչեւ հիսուն տոկոս զեղչով: Այս մասին տեղեկացրել է «Տրանսաերո» հայաստանյան ներկայացուցչության գլխավոր ներկայացուցչի տեղակալ Ռուբեն Լոկկը:

Ըստ հաղորդագրության՝ «Տրանսաերո» ավիաընկերությանը համարվում է աշխարհի ամենաանվտանգ ավիափոխադրողներիվ մեկը` մասնավորապես մոտ երեք հազար ընկերությունների շարքում լինելով լավագույն տասնյակում, իսկ Եվրոպայում, ըստ միջազգային փորձագիտական խմբի գնահատականի, երրորդն է: Հատկանշական է, որ թռիչքներն իրականացվում են «Բոինգ»  եւ «Էյրբաս» տիպի ինքնաթիռներով: Ավիապարկը լրացվում է ռուսաստանյան արտադրության ամենահուսալի՝ «ՏՈՒ-214» տիպի ինքնաթիռները: Բոլոր ինքնաթիռները համալրված են ինտերնետ կապով:

Նշենք, որ «Տրանսաերոն» առաջին չվերթը կատարել է 1991-ի նոյեմբերի հինգին՝ իրականացնելով Մոսկվա - Թել Ավիվ չվերթը: Արդեն երկու տասնամյակից ավելի ընկերությունը հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը հետխորհրդային տարածքում՝ դիմանալով անկայուն տարիների փորձություններին։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը տեղափոխել է 50 մլն ուղեւոր:

Տեղեկացնենք, որ «Տրանսաերո» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը գործում է Մաշտոցի 54 հասցեով, կոնտակտային հեռախոսահամարներն են 060 48 80 80, 060 40 03 03:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ