News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը լճակային ձկնաբուծական տնտեսությունների համար ջրի ստանդարտ է մշակել: Ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց կենտրոնի սննդային շղթաների ռիսկերի գնահատման ղեկավար, քիմիական գիտությունների թեկնածու Դավիդ Պիպոյանը, հիմա այն ներկայացված է Ստանդարտների ազգային ինստիտուտի քննարկմանը:

Կենտրոնը 2011 թ-ին իրականացրել է Արարատյան դաշտավայրում եւ Ջերմուկում  լճակային տնտեսություններում ջրի  եւ ապրանքային ձկան համալիր ուսումնասիրություն: Հետազոտվել է նաեւ լճակների եզրերի հողը, քանի որ որոշ տնտեսություններ բետոնապատ չեն: «Հիմնական եզրահանգումները բավականին հաջող են. ռիսկերը գրեթե ամբողջությամբ կախված են ձկան կերից: Քանի որ մեր նախորդ հետազոտությունները Արարատյան դաշտավայրում դեղին մետաղների աղտոտվածություն էին ցույց տվել, մտահոգություն ունեինք, թե դրանք կարող են թափանցել արտեզյան հորերի խորքը, որոնց ջրով ապահովվում են ձկնաբուծական  տնտեսությունները: Բարեբախտաբար, մեզ հաջողվեց պարզել, որ գրունտային ջրերի 100 – 300մ խորության վրա աղտոտվածություն գրեթե չկա»,-նշեց Պիպոյանը:

Անասնաբուծական եւ կերային հավելումների ռիսկերը վերաբերում են աճի խթանիչներին եւ հորմոնալ ծագման նյութերին. արտահանման դեպքում դրանով է պայմանավորված ձկան համապատասխանությունը ընդունող երկրի պահանջներին: Դրանից ելնելով, պետք է հետեւել միջազգային անասնաբուժական պարկտիկային (GVP):

Տեղական ֆերմերների առավելություններից մեկը նրանց օգտագործած ջրի որակն է: Արտեզյան խորքային հորերի վրա ջրաչափերի տեղադրման պահանջից հետո շատ ձկնաբույծներ սկսել են տնտեսել ջուրը` բաց ցիկլից անցնելով փակ ցիկլի:

«Ողջ աշխարհում լճակային տնտեսությունները փակ ցիկլով են աշխատում: Եթե նկատել եք, նման ձկները յուրահատուկ  համ ունեն, իսկ մենք, կարելի է ասել, ձկներն աճեցնում ենք խմելու ջրի մեջ: Այստեղից էլ գալիս են նրա օրգանոլեպտիկական յուրահատկությունները»,-նշեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ