News
Լրահոս
News
Շաբաթ
Նոյեմբեր 17
Տեսնել լրահոսը

Երեւանում, հուլիսի 1-ին, ժամը 06.28-ին տեղեկություն է ստացվել, որ Ավան վարչական շրջանի  «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է անհայտ պայթուցիկ նյութ: 

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWSam-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել  ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ ու հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը  եւ մեկ մարտական հաշվարկ:

Տեղում զինվորական պայուսակում հայտնաբերվել է երկու նռնակ, փամփուշտներ, դեռեւս չբացահայտված պայթուցիկ նյութ:

Սակրավորների զննության արդյունքում պարզվել է, որ պայուսակի պարունակությունը տեղափոխման համար վտանգ չի ներկայացնում:

Ժամը 07:25-ի սահմաններում պայուսակը տեղափոխվել է անվտանգ տարածք:

Ըստ որոշ տեղեկությունների, պայուսակը «Հարսնաքար» ռեստորանային համալիր է բերել Հայաստանի զինված ուժերի փոխգնդապետ Վարդան Սամվելյանը եւ սպառնացել պայթեցնել շենքը: Բանակցություններից հետո, նրան կարողացել են վնասազերծել:

Նշենք, որ հունիսի 29-ին մահացել է հունիսի 17-ին «Հարսնաքարում» դաժան ծեծի ենթարկված՝ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի քիթ–կոկորդ–ականջ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Երեկ՝ հունիսի 30-ին մոմավառություն է տեղի ունեցել «Հարսնաքարի» մոտ՝ ի հիշատակ Վահե Ավետյանի: Հարյուրավոր քաղաքացիներ էին հավաքել ակցիային մասնակցելու, որոնց ձեռքին կային մոմեր եւ գրություններ՝ «Ես Վահե Ավետյան եմ», «Չեք մարսելու» մակագրությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին (Նեմեց Ռուբո) պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ: Նրանք ռազմական հոսպիտալի բժիշկներ են` Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել է 8 մարդ, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news