News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր` հուլիսի 4-ին, մոտ 95 դիմորդ ժուռնալիտիկայի ֆակուլտետ ընդունվելու համար քննություն էր հանձնում ստեղծագործական աշխատանքից: Քննությունը  մեկնարկելուն պես բացվեցին ծրարները, որտեղ ամեն տարբերակի համար նշված էր երեք թեմա: Մի տարբերակի դիմորդները պետք է ստեղծագործեին «Երբ թերթում եմ օրվա մամուլը», «Նամակ սփյուռքահայ հասակակցիս», «Համակարգիչը իմ կյանքն է» թեմաներից մեկնումեկով: Իսկ մյուս տարբերակի թեմաները հետեւյալն էին` «Զրույց ազատամարտիկի հետ», «Իմ առաջին թղթակցությունը», «Եթե ամենազոր լինեի»:

«Ստեղծագործական աշխատանքի» քննության հանձնաժողովի նախագահ Դավիթ Պետրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս քննությունից դեռեւս ոչ մի 20 եւ 19 միավոր չի արձանագրվել: Հունիս 29-ին տեղի ունեցած «Ստեղծագործական աշխատանք» քննությանը մասնակցել է 70 դիմորդ, որոնցից 5-ն ստացել է անբավարար,  եւս 4-5 դիմորդ ստացել է 18 միավոր:

«Երկու կարեւոր ուղղություն կա ստեղծագործական աշխատանքի մեջ`  դիմորդի ստեղծագործական կարողությունները ստուգելը եւ մյուսը` լեզվական իմացությունը, ասելիքը գրագետ շարադրելու կարողությունը: Նախորդ տարիների համեմատ` այս տարի բավականին տարբերություն կա, եթե նախորդ տարիներին հանդիպում էինք արտառոց մտքերի, բառակապակցությունների, ապա այս տարի, բարեբախտաբար, նման դեպքերը քիչ են»,- նշեց նա:

Հանձնաժողովի նախագահը դիմորդների` լեզվական իմացության մակարդակի բարելավումը պայմանավորում է նրանով,որ արդեն երկրորդ տարին է` «Ժուռնալիստիկայի» ֆակուլտետի դիմորդները «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայի քննությունը հանձնել են միասնական մրցութային կարգով, ինչը նշանակում է, որ նրանք ամբողջ տարի պարապում են հայոց լեզու, ինչը թույլ է տալիս դիմորդներին խուսափել կետադրական, ուղղագրական սխալներից: Եթե լեզվական իմացության առումով դրական տեղաշարժ կա, ապա նույնը չի կարելի ասել ստեղծագործական առումով. «Տարբերությունը շատ չէ, դա նաեւ դպրոցի կամ ուսուցիչների թերացումն է, աշխատանքներում հիմնականում իշխում են ընդհանուր մտքեր, դատողություններ, շատ քիչ են ինքնատիպ, ստեղծագործական առումով լավ աշխատանքները: Դիմորդներն, ըստ երեւույթին, նախապատրաստվում են իրենց ուսուցիչների հետ, ովքեր մղում են այդպիսի աշխատանքներ գրելու, դիմորդների ստեղծագործականը չի բացվում, առաջընթաց չկա ստեղծագործական երեւակայության, ինքնատիպության առումով»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Ի տարբերություն նախորդ տարիների` Դավիթ Պետրոսյանը նշեց, որ այս տարի ամեն տարբերակում կա ժուռնալիստական ուղղվածություն ունեցող թեմա: Ի դեպ,  թեմաները Ժուռնալիստիկայի ֆակուլտետը ներկայացնում է ԳԹԿ` հաստատման, իսկ քննական հանձնաժողովում ընդգրկված են լեզվաբաններ, գործող լրագրող, ֆակուլտետից դասաախոսներ, ԳԹԿ ներկայացուցիչ: Դիմորդների իրենց քննության գնահատականը կարող են իմանալ հաջորդ օրը, որից հետո լինում է բողոքարկման գործընթացը: Օրինակ` հունիսի 29-ին կայացած քննությունից հետո ընդամենը մի քանի բողոքարկման դեպք է եղել, որոնց արդյունքում որեւէ գնահատական չի փոխվել, ավելին` հանձնաժողովի նախագահի խոսքով` դիմորդները եկել են եւ տեսել, որ «մի բան էլ ավելի բարձր են ստացել»:

Անդրադառնալով ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար դիմորդների հանձնած մյուս քննությունից` բանավոր հաղորդակցության մշակույթից արձանագրված բարձր միավորներին` նա նշեց, որ դրանք պայմանավորված են նախեւառաջ այն հանգամանքով, որ դեռ տարեսկբից ֆակուլտետը պարբերաբար հանդիպում էր դիմորդների հետ, նրանց հետ քննարկում էին ԲՀՄ-ի հետ կապված հարցերի շրջանակը:

Դավիթ Պետրոսյանի խոսքով` երեխաները պատրաստված էին, շատ լավ պատասխաններ հնչեցին: Առհասարակ, այս տարի նա ժուռնալիստիկայի ֆակուլտետի դիմորդների մակարդակը գնահատում է ավելի լավ, քան նախորդ տարիներին էր: Հարցին, թե միթե ապագա լրագրողն ընդունվելու համար օտար լեզու, հայ գրականություն չհանձնելով` կշահի, հանձնաժողովի նախագահը նշեց, որ իրենք առավելագույնը երեք քննության հնարավորություն ունեն եւ առաջնորդվել են «Որ առարկան է ավելի շատ պետք ֆակուլտետին» սկզբունքով:

Նշենք, որ եթե նախորդ տարիներին Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ էր քննություն հանձնել «Հայոց լեզու եւ հայ գրականություն» բանավոր, օտար լեզու, ստեղծագործական աշխատանք եւ «Հայոց լեզու»` ոչ մրցութային, ապա վերջին մի քանի տարիներին դիմորդները հանձնում են «Հայոց լեզու եւ հայ գրականություն»` միասնական, բանավոր հաղորդակցության մշակույթ` բանավոր, ստեղծագործական աշխատանք: Այս հանգամանքը մասնագետների մոտ տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել, մասնավորապես` օտար լեզվի մասնագետները մտահոգված են, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետ կմտնեն առանց օտար լեզվի իմացության ուսանողներ, իսկ գրականության մասնագետները մտավախություն ունեն, որ նույնիսկ լրագրողները չեն տիրապետի հայ գրականությանը:

Մանրամասները` տեսանյութում:

Տպել
Ամենաշատ