News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն վերջին տարիների հետեւողական բարեփոխումներով զգալի առաջընթաց է արձանագրել մաքսային համակարգի` ընթացակարգերի պարզեցումից մինչեւ ձեւակերպումների ժամանակի կրճատման գործընթացներում:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի մաքսային սահմանով տեղափոխվող` եվրոպական եւ ԱՊՀ երկրներից ներմուծված ապրանքների մաքսային ձեւակերպումներն իրականացվում են Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը, որտեղ շատ արագ են տեղայնացվում կոմիտեում իրականացվող բարեփոխումները:

Մաքսատան 2012-ի առաջին 5 ամիսների ցուցանիշները վկայում են, որ զգալի ավելացել են ոչ միայն բյուջետային մուտքերն, այլեւ ընթացակարգերի պարզեցման արդյունքում, ի տարբերություն նախորդ տարիների, մաքսային ձեւակերպումներում ապրանքի մաքսային արժեքի որոշման մեթոդներից գերակշռող է դարձել գործարքի գնի կամ առաջին մեթոդի կիրառումը, ինչն, ըստ ՊԵԿ Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ Բորիկ Սարգսյանի, բարեփոխումների` տեխնիկական միջոցների կատարելագործման, մաքսային վարչարարության ուժեղացման, հսկողական գործառույթների ավելի արդյունավետ կիրառման արդյունք է. «Եթե 2011-ի առաջին 5 ամիսների ընթացքում մաքսատանը առաջին մեթոդով ձեւակերպվել է 1100, ապա 2012-ի նույն ժամանակահատվածում իրականացվել է 1700 գործարք:

Ընդհանուր առմամբ, մաքսային արժեքի որոշման մեթոդների ընտրության մոտեցումը փոխվել է. եթե անցած տարի օգտագործվել են միայն առաջին եւ չորրորդ մեթոդներն, ապա 2012-ին բոլոր մեթոդներն էլ կիրառվել են: Միաժամանակ զգալի աճել է բեռնափոխադրումների ծավալը, ինչը, բնականաբար, արտացոլվել է ձեւակերպումների քանակական եւ պետբյուջե գանձվող հարկերի եւ տուրքերի ցուցանիշներում: 22 տոկոսով ավելացել է ներմուծումը, իսկ 33.5 տոկոսով՝ բյուջետային մուտքերը»: Ընդ որում, մաքսային ձեւակերպումներում գործարքի գնի մեթոդի կամ ինչպես ընդունված է գործարարների շրջանում անվանել` 87-րդ հոդվածը կիրառվում է, երբ հայտարարատուի ներկայացրած փաստաթղթերը լիարժեք են եւ արժանահավատ:

Նշենք, որ Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատունը գործում է 2001թ.ից, իսկ մինչ այդ` 1996-ին, Հայաստանը միացել էր Միջազգային ճանապարհային փոխադրումների միջազգային կոնվենցիային: Իսկ դա նշանակում է, որ ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող, նախապես ապահովագրված ապրանքների մաքսային ձեւակերպումներն այստեղ իրականացվում են բացառապես TIR կոնվենցիայով նախատեսված գրքույկների կիրառմամբ: Մաքսատան պետ Բորիկ Սարգսյանի խոսքով, ձեւակերպումների ընթացքում մաքսավորը գրեթե չի առնչվում հայտարարատուի հետ. բոլոր գործընթացներն իրականացվում են բրոքերների կամ ինքնահայտարարագրման միջոցով:

Սակայն անհրաժեշտության դեպքում, գործարարներն իրենց մտահոգությունների շուրջ կարող են պարզաբանումներ ստանալ հենց մաքսատան աշխատակիցներից. յուրաքանչյուր հարց պարզաբանվում է մանրամասնորեն եւ տեղում անմիջապես լուծում ստանում: Մասնագիտացված մաքսատանը բնորոշ առանձնահատկություններով հայաստանյան կառույցը հայտարարատուներին ներկայանում է արագ եւ որակյալ սպասարկմամբ. եթե նախկինում ձեւակերպումն օրեր էր տեւում, ապա այսօր հաշված րոպեների ընթացքում է կատարվում ամբողջ գործընթացը: Միջազգային ճանապարհային փոխադրումների համակարգում հնարավորինս նվազեցվել են այն դժվարությունները, որոնց կարող են բախվել փոխադրողները, վստահեցնում է ՄՃՓ մաքսատան պետը: Նոր լուծումների անընդհատ կիրառմամբ ձգտում են միջազգային չափանիշներին միշտ համընթաց լինել, մանավանդ, երբ խոսքը գնում է միջազգային առեւտրին առնչվող մաքսային ընթացակարգերին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ